Կալաշնիկով կոնցերնի գլխավոր տնօրեն է նշանակվել Աերոէքսպրես ընկերության տնօրեն Ալեքսեյ Կրիվոռուչկոն: Նախկինում կոնցերնը գլխավորող Կոնստանտին Բուսիգինը լքել է ղեկավարի պաշտոնը: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսլրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Առայժմ հայտնի չէ, թե որն է կոնցերնի գլխավոր տնօրենի փոփոխության պատճառը, սակայն նշենք, որ սա արդեն չորրորդ ղեկավարի փոփոխությունն է 2011-ից ի վեր: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իժմաշ (ներկայիս Կալաշնիկով կոնցերն) ընկերության սննկացումից խուսափելու նպատակով ներգրավվելու է երկու մասնավոր ներդրող, որոնցից մեկը հենց Աերոէքսպրես ընկերության գլխավոր տնօրենն էր, ով փաստորեն այժմ ստանձնեց կոնցերնի գլխավոր տնօրենի պաշտոնը:
Նշենք, որ Կալաշնիկով կոնցերնը, որն իր մեջ ներառում է հրաձգային զենքի արտադրության մի քանի ձեռնարկություն, ՌԴ կառավարության 2013-ի հոկտեմբերի 4-ի որոշմամբ ընդգրկվեց Ռուսաստանի ռազմավարական ձեռնարկությունների կազմում, որով վերջինիս տրվեց նաև արտոնություններ տնտեսական դաշտում:
Նշենք նաև, որ Կալաշնիկով կոնցերնը հրաձգային զենքի արտադրության ձեռնարկությունից բացի ներառում է նաև հատուկ տեխնիկայի, հաստոցաշինական և սարքավորումների արտադրության ձեռնարկություններ: