Կապանում բժիշկն անհանգստություն է հայտնել նախազորակոչային տարիքի տղաների մոտ առկա առողջական խնդիրների առնչությամբ: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հերթական անգամ նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի ներգրավվի ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցում: Սկսվել է շրջանառվել այն վարկածը, թե Աֆղանստանում խաղաղ բնակիչներին սպանել է ոչ թե մեկ, այլ շուրջ 2 տասնյակ ամերիկացի զինծառայող: ԱՄՆ-ն նպատակ ունի մեծացնել իր ներկայացվածությունը Իրանի ափերի մոտ:
- Կապանի զինկոմիսարիատում բժշկական հանձնաժողովի նախագահ Գրետա Սարգսյանը հայտնել է, որ պատանիների մոտ առկա է ողնաշարի ծռումներ, ոսկրահոդային ու ոսկրամկանային համակարգերի շեղումներ և հարթաթաթություն: Բժիշկը ապագա զինծառայողներին խորհուրդ է տվել սպորտով զբաղվել:
- «ՀԱՊԿ-ը մեզ ոչինչ չունի տալու, ՀԱՊԿ-ը ոչինչ չի տալիս իր հիմնական կրող ուժին` Ռուսաստանի զինված ուժերին, և ՀԱՊԿ-ի անդամ երկրներին հետևելիս տեսնում ենք, որ նրանք բոլորը ավտորիտար երկրներ են, որոնք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում»,- հարցազրույցում ասել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Արթուր Սաքունցը:
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադրություններ չունի ներգրավվել ԼՂ-ի հիմնախնդրի լուծման հարցում:
- «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը դիմում է հղել ԱԺ-ին` պահանջելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը մինչ երկրորդ ընթերցման ներկայացնելը` կազմակերպել խորհրդարանական լսումներ: Դիմումում պատճառաբանվում է, որ նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներին և հնարավորություն է ստեղծում օրենքով (ստատուտով) սահմանված կարգով զինված հեղաշրջում իրականացնելու համար:
- Սեյրան Օհանյանն ընդունել է` ՀՀ ԶՈՒ-ի կադրային կառավարման վերաբերյալ խորհրդատվական նպատակով մարտի 12-16-ը Հայաստանում գտնվող ԱՄՆ և Միացյալ Թագավորության փորձագիտական խմբին: Հյուրերը հաստատել են իրենց երկրների պատրաստակամությունը ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին աջակցելու գործում:
- Ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը նշել է, որ Ադրբեջանի վարչակազմը չի գնա մի այնպիսի քայլի, որը կայունություն կբերի տարածաշրջանին: Փորձագետը նշել է, որ դա հակասում է այդ երկրի կողմից վարվող քաղաքականությանը:
- Գերմանիան վստահ է Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի ցանկանում համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ: Այս մասին Երևանում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեն:
Միջազգային լուրերը հայկական մամուլում
- Ամերիկացի զինվորականը, ով սպանել էր Աֆղանստանի 16 խաղաղ բնակչի, չէր ցանկացել ծառայել Աֆղանստանում: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Ջոն Հենրի Բրաունին: Մամուլն այսօր նաև շրջանառում էր, թե մարդասպանը ոչ թե մեկն է, այլ խաղաղ բնակիչների վրա կրակել է շուրջ 20 ամերիկացի: Դեպքից հետո Աֆղանստանի նախագահ Քարզայն այսօր պահանջել է, որպեսզի ՆԱՏՕ-ի զորքերը լքեն աֆղանական գյուղերի տարածքը և վերադառնան ռազմական բազաներ:
- Շարունակելով Աֆղանստանի թեման` նշենք, որ Լեհաստանի Ազգային անվտանգության խորհրդն այսօր որոշել է, որ 2014թ. հետո Լեհաստանն իր զորքերը դուրս կբերի Աֆղանստանից, եթե անգամ ՆԱՏՕ-ն որոշի մնալ Աֆղանստանում:
- Ինչ վերաբերում է Իրանի շուրջ լարվածությանը և պատերազմի հավանականությանը` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը չի պաշտպանում Իրանի վրա հարձակում գործելու իսրայելական կողմի գաղափարը:
- Իսկ ԱՄՆ լրացուցիչ չորս ականային սարք և չորս ուղղաթիռ կուղղորդի տարածաշրջան՝ ի պատասխան Իրանի Օրմուզի նեղուցը փակելու սպառնալիքներին:
Շվեդիայի հյուսիսում, այսօր անհետացել է Նորվեգիայի Թագավորական ռազմական օդուժի` ռազմա-տրանսպորտային C-130 ինքնաթիռը, որում հինգ մարդ է եղել: C-130 ինքնաթիռը` «Սառը » զորավարժությունների շրջանակներում ուսումնավարժական թռիչք էր իրականացնում:
Razm.info-ն այսօր անդրադարձել էր`
- ԱՄՆ ծովային ավիացիայի բյուջեն կկրճատվի 18 մլրդ դոլարով
- Այս տարի ռուսական բանակը կստանա 57 «Рысь» զրահամեքենա
- Հնդկաստանը МиГ-21 կործանիչները փոխարինում է հնդկական Tejas-ներով
- Ուղղաթիռի վթարից 5 թուրք զինծառայող է մահացել(լրացված)
- Մեկ RQ-4 Global Hawk-ի շահագործումն արժի 29 մլն դոլար
- Ավստրալիայի ՌԾՈՒ-ը հրաժարվել են բոլոր A109 ուղղաթիռներից
- Բրիտանիայի օդուժը կհամալրվի 28 հատ Hawk 128/T2 ուսումնական ինքնաթիռներով
- Ադրբեջանցի երկու զինծառայող է վիրավորվել