ԱՄՆ օդուժը մեկնաբանում է զինծառայողների արտագրության միջադեպը

ԱՄՆ ռազմաօդային ուժերի քարտուղարության ղեկավար Դեբորա Լի Ջեյմսը բացատրել է քննությունների ընթացքում միջուկային զորքերի զինծառայողների արտագրելու փաստը «հոգեբանական լարվածության բարձր աստիճանով»։

ԱՄՆ «Մալմսթրոմ» միջուկային հրթիռային ռազմակայան

ԱՄՆ «Մալմսթրոմ» միջուկային հրթիռային ռազմակայան

Ինչպես հաղորդում է բրիտանական The Guardian  պարբերականը, Ջեյմսի խոսքերով՝ սպաները որակավորման քննությանը չափից դուրս լուրջ են վերաբերում, նրանք կարծում են՝ բարձր կոչումներ չեն ստանա, եթե հավաքեն 100 միավորից պակաս, սակայն իրականում 90 միավորն էլ բարձր ցուցանիշ է համարվում։ Ջեյմսը հավելել է, որ իրենք նպատակ ունեն որոշակի բարեփոխումներ անցկացնել գիտելիքների ստուգման քննություններում։

Նշենք նաև, որ Ջեյմսի հետ համատեղ ասուլիսին ԱՄՆ ՌՕՈւ հրամանատարության ղեկավար գեներալ Սթիվեն Ուիլսոնը հայտարարել է՝ իրականում քննությանն առնչվող սկանդալում շոշափվում է 92 սպաների անուն, ընդ որում՝ նրանցից 40-ն անմիջականորեն մասնակցել են արտագրելուն, իսկ մյուսներն իմացել են այդ մասին, սակայն լռել են։

Բոլոր 92 սպաները հեռացվել են ծառայությունից մինչ հետաքննության ավարտը։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ մեծ թվով սպաների հեռացումը, ըստ Ջեյմսի, որևէ կերպ չի ազդել միջուկային զորքերի գործունեության վրա։

Նկատենք, որ երբ արտագրության մասին հայտնի է դարձել, բոլոր սպաները հարկադրված են եղել կրկին քննություն հանձնել. նրանցից 22-ը բավարար միավոր չի հավաքել։

Հիշեցնենք, որ ԱՄՆ ՌՕՈւ անձնակազմի շարքերում վերջին շրջանում հաճախ են սկանդալներ գրանցվում՝ անհարիր պահվածքի, թմրանյութերի օգտագործման, պարտականությունները չկատարելու ու շատ այլ պատճառներով։ Միջադեպերի զգալի մասն արձանագրվել է ԱՄՆ «Մալմսթրոմ» միջուկային հրթիռային ռազմակայանում։

2014-ի հունվարի 9-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Չարլզ Հեգելը հայտարարել է՝ ԱՄՆ ՌՕՈւ զինծառայողների շրջանում բարոյական ոգին ցածր է, խնդիրներ են առկա հատկապես հրթիռների հորաններում և ռազմավարական նշանակության միջուկային ուժերի ստորաբաժանումներում ծառայություն անցնողների շարքերում։

2013-ի դեկտեմբերին պաշտոնից հեռացվել էր ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր, ռազմավարական նշանակության միջուկային զորքերի հրամանատար Մայքլ Քերին, քանի որ Ռուսաստանում 2013-ի հուլիսին գործուղման ժամանակ չարաշահել էր ոգելից խմիչքները, կոպտել ռուս պաշտոնակիցներին, հյուրանոցում մարմնավաճառների հետ ժամանակ անցկացրել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *