Դատարանը ՌԴ ցամաքային զորքերի նախկին հրամանատարի բողոքին ընթացք չի տվել

Դատարանը մերժել է Ռուսաստանի ցամաքային զորքերի նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինի բողոքը։ Վերջինս պնդում էր, որ կաշառակերության համար իրեն ուղղված մեղադրանքներն անհիմն են, և քրեական հետապնդումն օրինական չէ։

Վլադիմիր Չիրկին

Վլադիմիր Չիրկին

Այս մասին փետրվարի 3-ին տեղեկացնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը։

Դատավորը նշել է, որ ՌԴ դատաքրեական օրենսդրությունը թույլ է տալիս գործ հարուցել միայն կատարած հանցանքի վերաբերյալ ստացած հայցի հիման վրա։ Չիրկինի գործում կա նման հայց՝ գրված նրան կաշառք տրամադրած անձանց կողմից, ուստի քրեական հետապնդումն այս պարագայում օրենքի շրջանակներում է։

Նկատենք, որ Չիրկինի դատապաշտպանները կարծում են՝ իրենց պաշտպանյալի՝ կաշառք ստանալու որևէ միջադեպ չի արձանագրվել, հիմնավոր ապացույցները բացակայում են, միակ ապացույցը թերևս ենթադրյալ կաշառք տված անձի և երկու միջնորդների վկայություններն են։

Բացի այդ, փաստաբանները դժգոհում են, որ դատավորը հրաժարվել է տրամադրել իրենց օպերատիվ հետաքննության տվյալները՝ հավաստիացելով, որ դրանք առանցքային նշանակություն չունեն գործում։

Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերի սկզբին հայտնի էր դարձել՝ Ռուսաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը հեռացված է պաշտոնից։ Չիրկինը հաստատել էր, որ հեռացվել է պաշտոնից, սակայն կտրականապես հերքել էր, որ իրեն մեղադրում են կաշառակերության համար։

Հետաքննությունը սկսվել էր, երբ ռազմական դատախազության ստուգումների հետևանքով երևան էին եկել տվյալներ զինվորականներին պատկանող անշարժ գույքի ու հողատարածքների՝ շուկայական գնից զգալիորեն ցածր արժեքով վաճառելու դեպքեր։ Քրեական գործ էր հարուցվել խարդախության հոդվածով, ապա հետաքննության հետագա ընթացքում Չիրկինին կասկածել էին, որ կաշառքի դիմաց թույլտվություն էր տալիս ապօրինի գործարքներ կնքել։

2013-ի հոկտեմբերին Չիրկինի գործով հետաքննությունն ակտիվ փուլ էր մտել։ Դիմում էր ներկայացվել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ մինչև հետաքննության ավարտը Չիրկինին պաշտոնից հեռացնելու մասին։ Դրանից հետո արդեն, ըստ «Կոմերսանտի» աղբյուրների, Շոյգուն հանձնարարել էր Չիրկինին սեփական նախաձեռնությամբ հեռացման դիմում ներկայացնել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *