ԱՄՆ-ն Եվրոպա է ուղարկել հակահրթիռային պաշտպանության ռազմանավեր

Պենտագոնը մերձեվրոպական ջրերում սկսել է տեղակայել ականակիր նավեր, որոնք համալրված են հակահրթիռային պաշտպանության Aegis համակարգով։ Նման հայտարարությամբ Մյունխենում ՆԱՏՕ-ի կազմակերպած անվտանգության համաժողովին հանդես է եկել ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը։ Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս լրատվական գործակալությունը։

Aegis ՀՀՊ համակարգի հրթիռի արձակում. ԱՄՆ ՌԾՈւ

Ավելի վաղ, Պենտագոնի ղեկավարը խոսելով Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայման մասին նշել էր, որ Լեհաստանում դրանց տեղակայման մտադրությունը շարունակում է ուժի մեջ մնալ։ Իսկ 2013-ի հոկտեմբերից Ռումինիայում մեկնարկել են հակահրթիռային պաշտպանության ռազմաբազայի կառուցման աշխատանքերը, որոնք՝ ըստ ԱՄՆ ՊՆ-ի, կապահովագրեն ՆԱՏՕ-ի անդամ երկրներին հրթիռային հարձակումներց։

Այս հայտարարությունները մի շարք հարցեր ի հայտ բերում, քանի որ պարզ չէ, թե ինչպես է հիմա ԱՄՆ-ն փորձելու պատճառաբանել հակահրթիռային տարրերի տեղակայումը Եվրոպայում, քանի որ մինչ այդ, որպես դրա հիմնական պատճառ նշվում էր Իրանի կողմից հրթիռային հարվածների հնարավոր սպառնալիքը։ Այժմ, երբ Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր եղավ հասնել փոխզիջման, պարզ չէ, թե ինչ պատճառաբանությամբ է շարունակվելու հակահրթիռային պաշտպանության ծրագիրը։ Ի դեպ, այս մասին հայտարարել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով նշել է, որ Իրանի հետ համաձայության գալուց հետո հակահրթիռային պաշտպանության ծրագրի շարունակումը վկայում է այն մասին, որ դա ուղղված է Ռուսաստանի դեմ։

Այս հարցի շուրջ հետաքրքիր դիրքորոշում է որդեգրել նաև Հյուսիսատլանտյան դաշինքի կողմը։ 2013-ի հունվարին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է միանալ ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ծրագրին և մասնակցել համապատասխան ռազմաբազաների կառուցմանը։ Վերշբոուն հավելել էր նաև, որ անկախ Ռուսաստանի մասնակցությունից, ՆԱՏՕ-ն կշարունակի հակահրթիռային պաշտպանության ծրագրի իրականացումը, որքանով դա կպահանջի Եվրոպայի անվտանգության ապահովումը։

Հավելենք, որ 2002 թվականից ի վեր ԱՄՆ-ն իրականացրել է հակահրթիռային պաշտպանության համակարգերի ավելի քան 70 փորձարկում, որոնցից 59-ն ավարտվել են պայմանական թիրախի հաջող խոցմամբ։

Նշենք նաև, որ հակարթիռային պաշտպանության Aegis համակարգն ունակ է հայտնաբերել բալիստիկ թիրախները մինչև 320 կմ հեռավորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *