Պատերազմ կլինի, թե ոչ, երկրորդական է. միշտ պատրաստ պիտի լինենք. սերժանտ Սահակյան

Ռազմինֆոն ՀՀ ԶՈւ կազմավորման 22-ամյակի առթիվ շարունակում է ներկայացնել 22 տարեկան ապագա սպաների հետ հարցազրույցներ: Այսօրվա մեր զրուցակիցը սերժանտ Վասակ Սահակյանն է, ում համար պետությունը սկսվում է առաջին հերթին սահմաններից:

Սերժանտ Վասակ Սահակյանը

Սերժանտ Վասակ Սահակյանը

Սերժանտ Վասակ Սահակյանը սովորում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:

Ո՞ր տարիքում հասկացաք, որ Ձեր կյանքն ուզում եք կապել ռազմական ոլորտին:

Դեռ 14-15 տարեկան էի, արդեն որոշել էի ընդունվել ռազմական ինստիտուտ: Այստեղ շատ դժվարությամբ եմ ընդունվել: 2008 թվականին դուրս մնացի, բայց որոշեցի ամեն դեպքում չհանձնվել: Արդեն 2010-ին որպես զինվոր-դիմորդ ընդունվեցի, էլի մեծ դժվարությամբ:

Ձեր պատկերացրած ծառայությունն ու իրական ծառայությունը համընկա՞ն:

Շատ բաներ համընկել են, սպասելիքներս արդարացել են: Այս բուհն ինձ շատ բան է տվել ու դեռ շատ բան էլ ունեմ սովորելու:

Դուք և զինված ուժերը տարեկից եք ու Դուք այն կառույցի տարեկիցն եք, որ երկիրն է պահում: Զգացողությունների մասին կպատմե՞ք:

Յուրաքանչյուր մարդ, որ ապրում է Հայաստանի Հանրապետությունում կամ կոչվում է հայ, պետք է հասկանա, որ հայրենիքը սրբություն է: Կապ չունի, թե այդ մարդը որ բնագավառն է ընտրել: Եթե ես նույնիսկ ռազմական ինստիտուտ չգայի, անպայման ծառայելու էի որպես ժամկետային զինծառայող: Իսկ հիմա պատրաստվում եմ ամբողջ կյանքս ծառայել, ինչ-որ տեղ դա նաև հպարտություն է:

Ընտանիքում հիմնականում մայրերը շատ ավելի զգացմունքային են լինում երեխաների մասնագիտության ընտրության հարցում: Ձեր պարագայում ընդդիմացողներ կայի՞ն:

Ճիշտ եք ասում, բայց իմ ծնողները չեն խառնվում իմ ապագային: Այն ինչ-որ ես որոշում եմ, ծնողներս դեմ չեն եղել, քանի որ վստահել են: Ես շուտվանից էի պայքարում քննությունների համար, այստեղ ընդունվելու համար: Նրանք ավելի լավ գիտեին, թե ինչ դժվարություններ են լինելու: Քեռիս սպա էր ու շատ բան նրանից եմ իմացել:

Այսինքն՝ բանակն ինչոր տեղ ներսի՞ց գիտեիք:

Այն, որ ասում են ներսից գիտենք, սխալ է, քան դեռ ինքդ այդ ընթացքը չես անցնում:

Մեկ այլ բան է 2 տարով ժամկետային զինծառայող լինելը, մեկ այլ բան, որ այդ երկու տարին Ձեզ համար դառնալու էր 12 կամ 22 տարի: Այդ ժամանակահատվածը չէ՞ր վախեցնում:

Դա կապված է ամեն մարդու գիտակցականից: Եթե յուրաքանչյուրս գիտակցենք, որ դա ոչ թե պարտք է, այլ պարտականություն, ավելի հեշտ կանցնի:

Ձեզ համար պարտականությո՞ւն է:

Ավելի շատ պարտավորություն, քանի որ ոչ ոք ինձ չի ստիպել գալ այստեղ ու ծառայել, ես ինքս եմ եկել:

Վասակ Սահակյանը սովորում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում

Վասակ Սահակյանը սովորում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում

Ծառայության կամ ուսումնառության բարդություններից կխոսե՞ք:

Դժվարություն չեմ ունեցել, հենց սկզբից հարմարվել եմ: Սովորելու հետ ընդհանրապես խնդիր չեմ ունեցել, քանի որ թե՛ դպրոցում, թե՛ այստեղ լավ եմ սովորում:

Որտե՞ղ կուզենայիք շարունակել ծառայությունը:

Տարբերություն չկա, բայց ցանկալի կլինի առաջնագծի զորամասում ծառայել: 4 տարի քաղաքի մեջ սովորելն ու ծառայելը տարբեր են իրական ծառայությունից: 3-րդ կուրսում պրակտիկա ենք անցել դիրքերում ու ուզում եմ այնտեղ էլ շարունակել:

Երբևէ թշնամուն դեմ առ դեմ հանդիպե՞լ եք:

Համազգեստով` ոչ, իսկ սպորտի բնագավառում հանդիպել եմ: Վրաստանից էին եկել, բայց ազգությամբ ադրբեջանցի էին: Շատ կարճ ժամանակով էր, ուղղակի մենք գիտեինք, որ իրենք ադրբեջանցի են:

Դուք աշխատելու եք ժամկետային զինծառայողների հետ, արդեն ինչոր նախագիծ ունեք, թե ինչպես եք ձևավորելու ձեր հարաբերությունները:

Հրամանատար-ենթակա հարաբերություն, այլ կերպ չի կարող լինել:

Ըստ Ձեզ` ի՞նչ դեր ունի ֆիզիկական պատրաստվածությունը զինծառայողի համար:

Պետք է միշտ ամուր ու պատրաստված լինենք: Իսկ հակառակորդին թերագնահատել էլ չի կարելի: Թշնամին անկանխատեսելի է, չես կարող թուլանալ ու պատրաստ չլինել:

Անկախության սերունդ ենք, իսկ խաղաղության պատրա՞ստ ենք, մեր հասարակությունը խաղաղության պատրա՞ստ է:

Մենք խաղաղ ենք ապրում, իսկ հրադադարի ռեժիմը խախտում է հակառակորդը: Իսկ խախտել նշանակում է խանգարել ինչ-որ մեկի անդորրը: Պատասխանը չի ուշանալու այդ դեպքում:

Ի՞նչ եք կարծում՝ պատերազմն անխուսափելի է մեր հակառակորդի հետ:

Պատերազմ կլինի կամ չի լինի, երկրորդական է, բայց մենք միշտ պատրաստ պիտի լինենք: Ես պատրաստ եմ, իսկ հետագան ժամանակը ցույց կտա:

Ձեր զինծառայողներին դիրքերում առաջին հերթին ի՞նչ եք ասելու:

Մինչև դիրքեր բարձրանալը նրանց մեջ պետք է հայրենասիրության զգացումն ամրացած լինի: Երբ ծառայության գան, նրանք արդեն պետք է կարևորեն իրենց դերը: Պետությունը սկսվում է մեր սահմաններից:

Ի՞նչ կմաղթեք մեր բանակին:

Անպարտելի լինի մեր բանակը: Իսկ դա կախված է ոչ միայն բանակից, այլ հայ ժողովրդից: Ամեն ոք պետք է գիտակցի բանակի կարևորությունը: Ամեն մարդ, կապ չունի թե ինչ մասնագիտություն ունի, իր մասնագիտության մեջ, պետք է անպարտելի լինի: Դրանով մենք ուժեղ կլինենք:

Հարցազրույցը` Հասմիկ Մելիքսեթյանի

Նկարները` Սոսե Մուրադյանի

Հատուկ շնորհակալություն ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարությանը` շարքի պատրաստմանն աջակցելու համար:

One response to “Պատերազմ կլինի, թե ոչ, երկրորդական է. միշտ պատրաստ պիտի լինենք. սերժանտ Սահակյան

  1. Pingback: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտներից շատերը կամավոր ընտրել են առաջնագծում ծառայությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *