Մարտական կորուստ առաջնագծում։ Զինծառայողի հայրը փաստեր ունի, որ որդու սպանության պատճառը կոծկում են։ 5 ադրբեջանցի քաղաքական ապաստան է խնդրել ՀՀ-ից։ Երկու վետերան է ինքնահրկիզվել։ Ահաբեկիչ իսլամիստները սպառնացել են Ադրբեջանի իշխանություններին։

Սաբուհի Ռուսթամ օղլու Ազիզով

Սաբուհի Ռուսթամ օղլու Ազիզով

-Հունվարի 27-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հաբիբ Բահթիյար օղլու Իսմայիլովը հրազենային վնասվածք է ստացել առաջնագծում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության վարկածով՝ զինծառայողն անգուշությամբ ինքն իրեն կրակել է իրեն ամրակցված ինքնաձիգից։ 

-Հունվարի 27-ին Ադրբեջանի ԶՈւ  լեյտենանտ Սաբուհի Ռուսթամ օղլու Ազիզովը, ըստ ադրբեջանական վարկածի, Աղդամի (Ակնա) ուղղությամբ առաջնագծում «հայկական գնդակից» հրազենային վնաասվածք է ստացել ու մահացել։ Զաքիր Հասանովը հետմահու պարգևատրել է լեյտենանտին 3-րդ աստիճանի  «Գերազանց ծառայության համար» շքանշանով։

-Դեկտեմբերի 11-ին Ադրբեջանում առաջնագծում պաշտոնական վարկածով քնած ժամանակ սրտի անբավարարությունից մահացել էր Ադրբեջանի ԶՈւ 19-ամյա զինծառայող Օրհան Ալիևը։ Հունվարի 30-ին բժշկական փորձաքննության և հեռախոսազանգերի հիման վրա արձանագրված փաստերով ասուլիս է տվել զինծառայողի հայրը՝ Շիրազի Ալիևը՝ հերթական անգամ շեշտելով, որ զինծառայողի մահվան իրական պատճառը ծառայակիցների կողմից ծեծի ենթարկվելն է։ 

-Հունվարի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել են օրերս շրջանառվող լուրերն Ադրբեջանի բազմանդամ ընտանիքի՝ Հայաստանից քաղաքական ապաստան հայցելու մասին։  

-Ադրբեջանական մամուլը շարունակում է հաղորդել Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալների մասին։ Հունվարի 27-ին հայտնի է դարձել՝ սպանվել է «Մուհամեդ» անունով ոմն ադրբեջանցի։ 

-Նույն օրը մամուլը հաղորդում է Azeri Sahid Orxan Rahimullah  անունով զինյալի մահվան մասին։ Նա իրականում մահացել էր առնվազն 2013-ի օգոստոսին։

-Հունվարի 29-ին տեղեկացվում է Շեքիի բնակիչ «Զուբեյր Ազերի» (Zübeyr Azəri) մականունով զինյալի սպանության մասին, որի սպանության վերաբերյալ հրապարակում էր հայտնվել շատ ավելի վաղ՝ 2013-ի ապրիլին։ 

-Ադրբեջանցի զինյալների՝ Սիրիայում կռվելու և սպանվելու խնդիրն արդեն իսկ դուրս է եկել զուտ սիրիական հակամարտությանը միջամտելու շրջանակներից՝ վերհանելով Ադրբեջանում ծայրահեղ իսլամիստական կազմակերպությունների պառակտիչ գործունեությունը, ինչի վկայությունը իսլամիստական երկու խմբավորումների սպառնալիքներն են՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին։ 

” Հունվարի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի Եվլախ քաղաքում՝ Սոցիալական պաշտպանության հիմնադրամի շենքի մուտքի մոտ, Արցախյան պատերազմի վետերան, 1969-ին ծնված Նիզամի Յուսիֆ օղլու Քերիմովն ինքնահրկիզվել է։ Սա վերջին երկու ամսվա ընթացքում Ադրբեջանում պատերազմի վետերանների ինքնահրկիզման երկրորդ փորձն է։ Բժիշկների վկայությամբ՝ Քերիմովի վիճակը ծանր է։ 

-Ադրբեջանի «Ղարաբաղի վետերաններ» ՀԿ-ի նախագահ Էթիմադ Ասադովը հաստատել է, որ Բարդայի շրջանի իշխանությունները փորձում են կոծկել հունվարի 28-ին Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ Մաարիֆ Վելիևի ինքնահրկիզման փաստը։ 

-Հունվարի 27-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է, որ պաշտպանության նախարարության հետախուզության վարչության պետ է նշանակվել գնդապետ Իլղար Մազանովը, որը նախկինում աշխատել է որպես ադրբեջանական Xalq Bank-ի անվտանգության ծառայության ղեկավար։

-Ադրբեջանի ՊՆ կադրային վարչության պետ, գնդապետ Մահմուդ Աղադադաշովը, պաշտոնական վարկածով՝ «պատկառելի տարիքի պատճառով համալրել է պահեստազորը»։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովի հեռացման մասին լուրը։ 

” Հունվարի 31-ին Ադրբեջանում գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության նախարարության գեներալ-լեյտենանտ, զինդատախազ Խանլար Վելիևը ելույթ է ունեցել՝ փաստելով 2013-ին ՊՆ համակարգում կաշառակերության հոդվածով առնվազն 9 ձերբակալությունների մասին։ 

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *