Իրաքին տրամադրվելիք ուկրաինական զրահատեխնիկայի ոդիսականը

Իրաքի ու Ուկրաինայի միջև կնքված զրահատեխնիկայի առևտրի պայմանագիրն այլևս չի գործում, իսկ ուկրաինական կողմն իր 42 ԲՏՌ-4 զրահափոխադրիչներով մնացել է կոտրած տաշտակի առջև։

Կներկայացնենք, թե ինչպես և ինչու հնարավոր եղավ պայմանագիրը խզել ու թե ինչ գործոններ են ազդում զենքի միջազգային առևտրի պայմանագրերի կատարման վրա։

2009-ին Իրաքն ու Ուկրաինան կնքեցին պայմանագիր, որով ուկրաինական արդյունաբերողները պարտավորվեցին Իրաքին հանձնել 420 միավոր ԲՏՌ-4 զրահափոխադրիչներ, ինչպես նաև բազմանպատակային Ան-32 ինքնաթիռներ։ Պայմանագրի ընդհանուր արժեքն էր շուրջ 550 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 450 մլն ԱՄՆ դոլարը նախատեսված էր զրահափոխադրիչների համար։

Իրաքին տրամադրվելիք ԲՏՌ-4 զրահափոխադրիչների 2-րդ խմբաքանակը

Սկզբում պայմանագրի կատարումը ինքնաթիռների մասով հարթ էր ընթանում. տրամադրումն արդեն 2012-ին ավարտվեց: Սակայն զրահափոխադրիչները տրամադրելիս խնդիրներ առաջացան հենց սկզբից։ Առաջին խմբաքանակում 2011-ի դեկտեմբերին հայտնաբերվեցին թերություններ, ու զրահափոխադրիչների տրամադրումը հետաձգվեց մինչև 2012-ի գարուն, որպեսզի վերացվեն հայտնաբերված թերությունները։ Արդյունքում զրահափոխադրիչները չմասնակցեցին Բաղդադում անցկացված զորահանդեսին։

Իսկ արդեն երկրորդ խմբաքանակից սկսած զրահափոխադրիչների վրա ի հայտ եկան սպառազինության թերություններ։ Տեխնիկայի ընդունման համար Իրաքից Ուկրաինա մեկնած մասնագետները հայտնաբերեցին, որ զրահափոխադրիչների վրա տեղադրված ԶՏՄ-1 30 մմ նոր թնդանոթները խափանումներ են առաջացնում։ Սակայն այսքանից հետո Իրաքը ընդունեց նաև երկրորդ խմբաքանակը։

Իսկ արդեն 2013-ի փետրվարին Ուկրաինան պատրաստվում էր Իրաք ուղարկել 42 միավորանոց երրորդ խմբաքանակը։

Իրաքին տրամադրվելիք ԲՏՌ-4 զրահափոխադրիչների 3-րդ խմբաքանակը

Ամենալուրջ խնդիրներն ի հայտ եկան հենց այս խմբաքանակի տրամադրման ժամանակ։ Մինչև 42 զրահամեքենաներով բեռնված նավը Ուկրաինայից կհասներ Իրաքի ափեր, Իրաքում իշխանությունը փոխվեց, իսկ նոր իշխանությունը հրաժարվեց ընդունել զրահափոխադրիչները։

Արդեն Պարսից ծոցում Իրաքի զինվորականները ստուգեցին տրամադրվելիք զրահափոխադրիչներն ու դրանց զրահի վրա ճաքեր հայտնաբերեցին, ինչը լուրջ թերություն է զրահատեխնիկայի ամրության առումով։ Իրաքը հրաժարվեց ընդունել 42 միավոր մեքենաները։

Մոտ 3 ամիս Պարսից ծոցի միջազգային ջրերում սպասողական վիճակում նավարկելուց հետո Սինգապուրի դրոշի տակ նավարկող մասնավոր Pacifica նավը, որը բեռնված էր ինչպես ուկրաինական ԲՏՌ-4 զրահափոխադրիչներով, այնպես էլ Հնդկաստանին տրամադրվելիք 70000 տոննա մետաղով, ուղևորվեց դեպի Հնդկաստան՝ մետաղը բեռնաթափելու։ Հնդկաստանում նավի վրա կալանք դրվեց, քանի որ մետաղի տրամադրումը ուշացել էր, ինչի արդյունքում մետաղի պատվիրատու հնդկական ընկերությունը լուրջ վնաս էր կրել։ Վտանգ կար, որ Հնդկաստանում 42 միավոր զրահատեխնիկան կարող են առգրավել որպես մետաղաջարդոն։ Հնդկական կողմը շուրջ 0,5 մլն ԱՄՆ դոլար էր պահանջում նավը կալանքից հանելու համար։

Հնդկական ընկերության հետ հարաբերությունները պարզելուց հետո, ուկրաինական ԲՏՌ-ներով բեռնված նավը նորից նավարկեց դեպի Պարսից ծոց. իրաքյան կողմը որոշել էր ի վերջո ընդունել ուկրաինական ԲՏՌ-ները։ Սակայն Պարսից ծոց հասնելուց հետո պարզվեց, որ Իրաքը վերջնականապես հրաժարվում է ուկրաինական ԲՏՌ-4-երից ու խզում է Ուկրաինայի հետ կնքած պայմանագիրը։

Այսպիսով Ուկրաինայի կրած վնասը չի սահմանափակվում չտրամադրած 42 միավոր զրահափոխադրիչներով։ Խնդիրն այն է, որ պայմանագրի խզումը նշանակում էր, որ տրամադրվելիք 420 միավոր զրահափոխադրիչներից Ուկրաինան տրամադրել է 88 միավորն, իսկ մնացածն այլևս չի էլ տրամադրի։ Պայմանագրի խզումից հետո նաև լուրջ ֆինանսական վնաս կրեց Ուկրաինայի բյուջեն։

Ներկա պահին Pacifica նավն արդեն հետ է վերադարձել ուկրաինական նավահանգիստ ու իր հետ բերել է նաև չարաբաստիկ 42 զրահափոխադրիչները, որոնք շուրջ 1 տարի ծովում մնալուց հետո բազմաթիվ թերություններ են ձեռք բերել․ խոնավությունից ժանգ է առաջացել, փչացել են ռետինե անիվները և այլն։ Ու չնայած դրան՝ ուկրաինական կողմը փնտրում է նոր գնորդ այս մեքենաների համար։

Ուկրաինական զրահափոխադրիչների հետ կապված այս պատմությունը գալիս է հաստատելու, որ կնքված պայմանագիրը դեռ չի նշանակում, որ այն հաստատ կատարվելու է։

Պայմանագրի կատարման վրա կարող են ազդել այնպիսի գործոններ, ինչպիսիք են արտադրության թերությունները։ Մասնավորապես Իրաքին տրամադրվելիք զրահափոխադրիչների երրորդ խմբաքանակն արտադրվել էր 2012-2013 թվականների ձմռանը։ (Երկրորդ խմբաքանկը տրամադրվել է 2012-ի աշնանը, իսկ երրորդը պատրաստ է եղել արդեն 2013-ի փետրվարին)։ Ենթադրվում է, որ զրահափոխադրիչների իրանների պատրաստումը կատարվել է ցածր ջերմաստիճաններում, ինչի պատճառով իրանի զրահաշերտերի եռակցումից հետո պողպատը արագ է սառչել ու դրանից ճաքեր են առաջացել։

Մեկ այլ գործոն է ընդունող երկրի ներքին քաղաքական իրավիճակը։ Իրաքում այս դեպքում եղավ իշխանափոխություն, որից հետո իրաքցիները հրաժարվեցին ընդունել երրորդ խմբաքանակի զրահափոխադրիչները, թեև նախկինում ընդունել էին թերություններով զրահափոխադրիչներ։ Իշխանությունից բացի, երկրում կարող է փոխվել նաև ներքին իրավիճակը ու զրահատեխնիկայի պահանջը կարող է պակասել կամ փոփոխվել (2011-ին ԱՄՆ-ն պաշտոնապես ավարտեց Իրաքյան պատերազմը

Բացի այդ, ընդունող երկրի վրա միջազգային կառույցների կողմից կարող են զենքի (մասնավորապես զենքի որոշ տեսակների) ներկրման արգելքներ դրվել։ Նման դեպք գրանցվել է 2007-ին Իրանի ու Ռուսաստանի միջև կնքված զենքի վաճառքի պայմանագրի կատարման ժամանակ։ Պայմանագրով Ռուսաստանը պարտավորվել էր Իրանին տրամադրել Ս-300ՊՄՈւ1 համակարգեր, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սահմանեց բանաձևեր, որոնք արգելում են իրանական կողմին հանձնել մի շարք զինատեսակներ, այդ թվում, ըստ ռուսական կողմի, նաև Ս-300ՊՄՈւ1 ՀՕՊ համակարգերը։ Դրանից հետո Ռուսաստանը հրաժարվեց տրամադրել համակարգերը, ընդ որում՝ դրանք պայմանագրի խզումից անմիջապես հետո ապամոնտաժվեցին։

Նմանատիպ բազմաթիվ գործոներ կարող են ազդել զենքի միջազգային առևտրի պայմանագրերի կատարման վրա, ու դրանցից անգամ մեկի ազդեցությունը կարող է բավարար լինել պայմանագիրը խզելու համար։ Պարտադիր չէ, որ դրանցից բոլորը պատճառ լինեին Իրաքի ու Ուկրաինայի կնքած պայմանագրի համար, բայց փաստ է, որ զենքի միջազգային վաճառքի ոչ բոլոր պայմանագրերն են կատարվում։

2 responses to “Իրաքին տրամադրվելիք ուկրաինական զրահատեխնիկայի ոդիսականը

  1. Pingback: Ղազախստանն Ուկրաինային է վերադարձրել փորձնական զրահափոխադրիչը | Ռազմ.info

  2. Pingback: Բեռնափոխադրող ընկերությունը չի վերադարձնում Ուկրաինայի զրահափոխադրիչները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *