Բելառուսի պաշտպանության նախարարությունը երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկով արդիականացնելու է շահագործումից հանված Սու-27 կործանիչները, այսպիսով երկարեցնելու է դրանց ծառայությունը զինված ուժերում։
Այս մասին հայտնում է բելառուսական «ԲԵԼՏԱ» լրատվական գործակալությունը։
Թեև զինված ուժերը դադարեցրել է Սու-27 կործանիչների շահագործումը, սակայն ինքնաթիռները դեռևս գտնվում են սպառազինության մեջ։
Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական հանձնաժողովի ներկայացուցիչ Սերգեյ Գուրուլևի խոսքով՝ բելառուսական ձեռնարկությունները կկարողանան արդիականացնել կործանիչները, ներառյալ կողային ռադիոէլեկտրոնային, ինչպես նաև խոցման և անվտանգության համակարգերը։
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն Սու-27 կործանիչների ծառայությունը երկարաձգելու մասին առաջարկությունն արել էր դեռևս 2013 թվականի օգոստոսին, երբ այցելել էին Բրեստի կործանիչների 61-րդ ավիաբազա։
«Մենք ամեն դեպքում պետք է պահպանենք այս ինքնաթիռները, գոնե ինչ-որ ժամանակահատված, ինչքան էլ որ դա թանկ լինի»,- ասել էր Լուկաշենկոն։
Հայտարարությունից հետո պաշտպանական գերատեսչությունում հայտարարել էին, որ Սու-27-երի հետագա ճակատագրի համար տարբերակներ են մտածում, օրինակ՝ վաճառել, կապիտալ վերանորոգել կամ արդիականացնել։
Այժմ Բելառուսի զինված ուժերում կա 10 միավոր Սու-27 կործանիչ, որոնց շահագործումը դադարեցվել էր նախորդ տարվա օգոստոսին։
Իսկ Flightglobal MiliCAS տեղեկատվական աղբյուրի տվյալների համաձայն՝ Բելառուսն այս պահին ունի 22 միավոր Սու-27 կործանիչ, որոնք սպառազինության են հանձնվել դեռ 1980-ական թվականներին։
Հիշեցնենք, որ Բելառուսն առաջիկայում հիմնովին նորոգելու և արդիականացնելու է նաև երկրի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչներն ու Սու-25 գրոհիչները: Հայտնի է, որ ինքնաթիռները նորոգումն ու արդիականացումն անցնելու են հենց Բելառուսի՝ 558-րդ ավիացիոն նորոգման գործարանում:
Ընդ որում, նորոգման ենթակա ինքնաթիռների առաջին խմբաքանակը՝ թվով 10 ինքնաթիռ, արդեն գործարանում է: Նշենք, որ ՄիԳ-29 և Սու-25 (ռուս.՝ МиГ-29, Су-25) ինքնաթիռները կազմում են Բելառուսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռային սպառազինության գլխավոր բաղկացուցիչները:
Նշենք, որ Սու-27-ը 4-րդ սերնդի կործանիչ է, ինքնաթիռի նախատիպը առաջին անգամ թռիչք է կատարել 1977 թվականին։ Այժմ Սու-27-ը ՌԴ զինված ուժերում համարվում է հիմնական ինքնաթիռներից մեկը, իսկ Սու-27-ի արդիականացված տարբերակներ կան ԱՊՀ երկրների, Հնդկաստանի և Չինաստանի զինված ուժերում։