Ադրբեջանի 5 քաղաքացիներ Հայաստանից ապաստան են խնդրել

Հունվարի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել են օրերս շրջանառվող լուրերն Ադրբեջանի բազմանդամ ընտանիքի՝ Հայաստանից քաղաքական ապաստան հայցելու մասին։

ՀՀ ԱԱԾ-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ հունվարի 29-ին հայ-վրացական սահմանի «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976-ին ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և 3 մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելով։

Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983-ին ծնված Ռոյա Միրզոևայի հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով հալածանքներին՝ Օրուջևը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, և կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի և հայկական սփյուռքի վերաբերյալ:

Օրուջևն անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատելու եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները:

Հայտնվելով անելանելի իրավիճակում և հաշվի առնելով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը՝ Ջավիդ Օրուջևը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՀՀ Միգրացիոն գործակալությունը ներկայումս զբաղվում են այդ ընտանիքի հետագա ճակատագրով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *