Ռուսաստանը Տերմինատոր-2 (ԲՄՊՏ-2) մեքենան կներկայացնի Հնդկաստանում կայանալիք DEFEXPO-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ ռուսաստանյան տանկերի աջակցման մարտական մեքենան ներկայացվում է արտերկրում։
Նշենք, որ Հնկաստանում անցկացվելիք ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ Ռուսաստանը ներկայացնելու է նաև Տ-72 տանկերի երկու նոր արդիականացումներ։
ԲՄՊՏ-72-ը զրահատեխնիկայի նոր տարատեսակ է, որը նախատեսված է մարտերի ժամանակ հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման, յուրային զրահատեխնիկայի ու հետևակի աջակցման, տանկերի ու զրահատեխնիկայի համար վտանգ ներկայացնող օբյեկտների ոչնչացման համար։ Այն առաջին անգամ ներկայացվել է 2013-ին ռուսաստանյան RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսում։
Մեքենայի վրա տեղադրված են կրակի ուղղորդման ու կառավարման սարքավորումներ։ Այն սպառազինված է մի շարք զինատեսակներով, այդ թվում 30 մմ 2Ա42 ավտոմատ թնդանոթով, նրան կցված 7,62 մմ ՊԿՏՄ գնդացրով ու կառավարվող հրթիռների արձակման կայաններով։ Մեքենայի անձնակազմը 3 մարդ է, նախկին տարբերակի 5-ի փոխարեն։
Նոր Տերմինատորի վրա կարող են տեղադրվել 840-ից մինչև 1000 ձիաուժանոց շարժիչներ, ռուսական կամ այլ երկրի արտադրության կապի միջոցներ՝ կախված պատվիրատուի պահանջներից։
Մեքենան նախագծվել է Տ-72 խորհրդային տանկի հիմքի վրա։ Տերմինատոր-2-ի արտադրության համար օգտագործվելու են հին Տ-72-ների շասսիները, որոնք հանված են սպառազինությունից։ Սա կավելացնի Տ-72 տանկերի շասսիների «կյանքի տևողությունը» ու կիջեցնի Տերմինատոր-2 մեքենաների արտադրության ծախսը։
Չնայած ներկայացվող կրակային հզորությանը, տանկերի աջակցման ԲՄՊՏ մարտական մեքենաներ մինչև հիմա մի քանի միավոր գնել է միայն Ղազախստանը (առնվազն 3 միավոր ԲՄՊՏ ներկայացվել է 2011-ի զորահանդեսի ժամանակ), ևս մի քանի միավոր առկա է Ռուսաստանի զինված ուժերի սպառազինության մեջ։