Բելառուսն արդիականացնում է իր ՄիԳ-29 և Սու-25 ինքնաթիռները

Բելառուսն առաջիկայում հիմնովին նորոգելու և արդիականացնելու է երկրի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչներն ու Սու-25 գրոհիչները: Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Բելառուսի պաշտպանության նախարարի տեղակալ, զինված ուժերի սպառազինության պետ, գեներալ-մայոր Իգոր Լոտենկովը: Այս մասին հայտնում է բելառուսական Բելտալրատվական գործակալությունը:

ՄիԳ-29 կործանիչ. Բելառուսի ՌՕՈւ

ՄիԳ-29 կործանիչ. Բելառուսի ՌՕՈւ

ՊՆ տեղակալը հայտնել է, որ ինքնաթիռները նորոգումն ու արդիականացումն անցնելու են հենց Բելառուսի՝ 558-րդ ավիացիոն նորոգման գործարանում: Ընդ որում, նորոգման ենթակա ինքնաթիռների առաջին խմբաքանակը՝ թվով 10 ինքնաթիռ, արդեն գործարանում է: Նշենք, որ ՄիԳ-29 և Սու-25 (ռուս.՝ МиГ-29, Су-25) ինքնաթիռները կազմում են Բելառուսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռային սպառազինության գլխավոր բաղկացուցիչները:

Բելառուսի ԶՈւ սպառազինության պետը մանրամասներ է հաղորդել նաև անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Ըստ նրա՝ Բելառուսն արտադրական այդ ոլորտը դիտարկում է ոչ թե սոսկ անօդաչուների մեկ դասին պատկանող սարքերի արտադրություն, այլ ընդհանուր համալիրի հիմնում, ինչը ենթադրում է տարբեր նշանակության անօդաչուների նախագծում և արտադրություն:

Այսպես, գեներալ-մայոր Լոտենկովը հայտնել է, որ տարվում են աշխատանքներ ինչպես հետախուզական, այնպես էլ ռադիոէլեկտրոնային պայքարի ԱԹՍ-ների ստեղծման ուղղությամբ: Մշակվում են նաև ԱԹՍ-ներ, որոնք ծառայելու են որպես թիրախ՝ հակաօդային պաշտպանության միջոցների ուսումնական վարժանքների ժամանակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *