Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանի սահմանն անցած 77-ամյա Խոջոյանի հարազատներին

Հունվարի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղ՝ տեսակցելու հունվարի 28-ին Ադրբեջանի սահմանն անցած Մամիկոն Խոջոյանի հարազատներին։

Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին՝ հավելելով, որ գյուղում տեսակցել են Խոջոյանի հարազատների, համագյուղացիների, բացի այդ էլ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների հետ։ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները ներկայումս բանակցություններ են վարում Ադրբեջանի իշխանությունների հետ Խոջոյանին տեսակցելու ուղղությամբ։

Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը Ռազմինֆոյին տեղեկացրեց, որ այցելության ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչներն իրենց ներկայացրել են իրավիճակը, հավաստիացրել, որ Խոջոյանին Ադրբեջանում տեսակցելուց հետո ստացած տեղեկությունները հնարավորինս շուտ կփոխանցեն հարազատներին։

Գյուղապետը հավելել է, որ թոռնիկը նամակ է հանձնել Կարմիր խաչի ներկայացուցչին՝ Խոջոյանին փոխանցելու համար։

«Կնոջը, ապա որդիներից մեկին և երկու թոռներին կորցնելուց հետո Մամիկոնի մոտ հոգեկան խանգարումներ են ի հայտ եկել։ Համոզված ենք նաև, որ այդ օրը գյուղից դուրս գալիս նրա ձեռքը վիրակապած չի եղել, ինչպես որ երեկ տեսանք ադրբեջանցիների տարածած տեսանյութում»,-շեշտել է գյուղապետը։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր՝ իբր Տավուշից Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղ է անցել «հայ զինված դիվերսանտ», ՀՀ ՊՆ-ն հերքել էր այս տեղեկությունը։

Ռազմինֆոյին հաջողվել էր պարզել, որ սահմանն անցածն իրականում 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանն է. նա հունվարի 28-ին դուրս էր եկել գյուղից անհայտ ուղղությամբ։ Հունվարի 29-ից ի վեր ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են Մամիկոն Խոջոյանի լուսանկարները, ինչպես նաև տեսագրություններ միջադեպի վայրից։ Տեսագրության մեջ երևում է, որ Խոջոյանի ձեռքը վիրակապած է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *