Տ-72 տանկի արդիականացված տարբերակները կցուցադրվեն Հնդկաստանում փետրվարի 6-ից 9-ը կայանալիք DEFEXPO-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։
Ռուսաստանյան ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալության տվյալներով՝ երկու արդիականացումների հեղինակը ռուսաստանյան Ուրալվագոնզավոդ ընկերությունն է։
Երկու տարբերակներից մեկը նախատեսված է քաղաքային պայմաններում մարտեր վարելու համար։ Այն առաջին անգամ ներկայացվել է 2013-ին ռուսաստանյան RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։ Նոր տանկի վրա ուժեղացվել է պաշտպանվածությունը հակատանկային միջոցներից ու ռադիոկառավարվող պայթուցիկ սարքերից, ինչպիսիք կիրառում են քաղաքային մարտերի ժամանակ։
Տանկի կողային հատվածները պաշտպանում են հակակումուլյատիվ կախովի զրահաթիթեղներ, իսկ իրանի ու աշտարակի հետնամասում ամրացված են հակակումուլյատիվ ցանցեր։
Հակափամփուշտային բարակ շերտեր են ամրացված նաև տանկի հրամանատարի աշտարակի կողային ու հետին մասերում։ Տանկի վրա տեղադրված են նաև ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ հակառակորդի կառավարվող հրթիռների դեմ պայքարելու համար։
Արդիականացման երկրորդ տարբերակը նախատեսում է Տ-72 տանկերի վրա տեղադրել Արենա-Է ակտիվ պաշտպանության համալիրներ, որոնք տանկը բոլոր կողմերից կպաշտպանեն հակատանկային միջոցներից՝ ձեռքի հակատանկային նռնականետներից, հրետանային կումուլյատիվ արկերից ու հակատանկային կառավարվող հրթիռներից։
Ակտիվ պաշտպանության համալիրի բորտային ռադիոտեղորոշման կայանը բաժանվում է մի քանի մասերի ու տեղադրվում է տանկի բոլոր կողմերում այնպես, որ չխանգարի տանկի մյուս սարքավորումների աշխատանքին։ Այն, բացի Տ-72 տանկերից, կարող է տեղադրվել նաև այլ զրահատեխնիկայի վրա։