ԱՄՆ ռազմածովային ուժերն օրերս սկսել է RQ-21A Blackjack հեռանկարային անօդաչու թռչող սարքի համազորային փորձարկումները։ Ներկա դրությամբ գնահատողական բնույթի փորձարկումներն ընթանում են ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ծովային հետևակի մարտական գործողությունների 29-րդ կառավարման կենտրոնում։ Մի շարք փորձարկումների ավարտից հետո հավաքագրված տվյալներն են կանխորոշելու են՝ արդյոք ԱԹՍ-ն հանձնելու են զինված ուժերի շահագործմանը։
Ինչպես հաղորդում է Defense News ռազմական լրատվակայքը, RQ-21A Blackjack ԱԹՍ-ն փորձարկումներ է անցնելու նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի ԱԹՍ-ների 1-ին էսկադրիլիայում. զինվորականները փորձարկելու են այն թե´ ցամաքում, թե´ ջրում՝ արձակելով նավի տախտակամածից։ Ապա ԱԹՍ-ն փորձարկելու են 2-րդ էսկադրիլիայում, որը տեղակայված է Հյուսիսային Կարոլինա նահանգի «Չերի Փոինթ» ավիակայանում։
Հավելենք, որ RQ-21A Blackjack ԱԹՍ-ն, որը հայտնի է նաև Integrator անունով, առաջին թռիչքը կատարել է 2012-ի հուլիսին։ Այնուհետև այն փորձարկումների՝ շուրջ 3 ամիս տևած առաջին փուլն է անցել Կալիֆորնիայում։
2013-ի փետրվարին հերթական փորձարկումների ընթացքում արձակվել է նավի տախտակամածից։ Փորձարկումներն ընթանում էին Մեքսիկական ծոցում «Մեսա-Վերդե» դեսանտային նավի օգնությամբ։
RQ-21A Blackjack ԱԹՍ-ն ստեղծող կազմակերպությունն ամերիկյան Insitu-ն է, որն իր հերթին «Բոինգի» դուստր ընկերությունն է։ ԱԹՍ-ի զանգվածը 34 կգ է, երկարությունը՝ 2.5 մ, թևի բացվածքը՝ 4.9 մ, այն ունակ է բացել մինչև 100 կմ/ժ արագություն՝ օդում մնալով մինչև 24 ժամ, ազդեցության հեռահարությունը 1000 մ է։ Այն կարող է կրել լազերային հեռահար համակարգեր, էլեկտրաօպտիկական սարքավորումներ։