ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմն Ազգային անվտանգության գործակալության ղեկավարի պաշտոնում առաջադրել է փոխծովակալ Մայքլ Ռոջերսին, որը ներկայումս գլխավորում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կիբեր պաշտպանությունների բաժինը։
Հունվարի 30-ին այս մասին հաղորդել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը։
Համաձայն «Ռոյթերս» գործակալության տվյալների՝ Հեյգելը փաստել է. «Ներկա դրությամբ շատ բարդ ժամանակաշրջան է ԱԱԳ-ի համար, իսկ փոխծովակալ Ռոջերսն իր հետ կբերի բացառիկ և կարևոր փորձ, ինչը կնպաստի գործակալության՝ իր առաքելության բնականոն կատարմանը, ինչպես և կիրականացնի նախագահ Օբամայի նախանշած բարեփոխումները»։
Նկատենք, որ դեռևս 2013-ի հոկտեմբերին հայտնի է դարձել ԱԱԳ-ի ներկայիս ղեկավար Կիտա Ալեքսանդրի պաշտոնաթողության մասին, որը ղեկավարում էր գործակալությունը 2005-ից։ Նախատեսվում էր, որ նա պաշտոնապես կհեռանա մինչև 2014-ի ապրիլը։ Հենց այս շրջանում էլ Ռոջերսի թեկնածությունն առավել հավանականների շարքում էր։
Հավելենք, որ ԱՄՆ ԱԱԳ-ն ուշադրության կենտրոնում է հայտնվել Էդվարդ Սնոուդենի՝ լրատվամիջոցներին գաղտնի փաստաթղթեր տրամադրելու հետևանքով։ Գրանցված ամենաաղմկահարույց սկանդալներից էր, երբ հասարակության լայն զանգվածներին հայտնի դարձավ ԱՄՆ ԱԱԳ-ի` տեղեկություններ հավաքագրող հատուկ սարքավորումների մասին, որոնք ունակ են ընթերցել համացանցային նամակները և գաղտնալսել հեռախոսազրույցները։ Ավելի ուշ հրապարակվեց, որ սույն սարքավորումներով հետախուզական աշխատանք էր տարվում ոչ միայն հասարակ քաղաքացիների, այլև քաղաքական գործիչների և դեսպանների նկատմամբ։