ՌԴ-ն սկսելու է Ղազախստանին Ս-300 համալիրներ տրամադրել 2014-ից. Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է 2014-ին Ղազախստանին Ս-300 զենիթահրթիռային համալիրների տրամադրման գործընթացի մեկնարկի մասին՝ չմանրամասնելով, թե քանի միավոր, ինչ մոդիֆիկացիայի և ինչ պայմաններով են դրանք տրամադրվելու։

Ռուսական Ս-300 զենիթահրթիռային համակարգեր

Ռուսական Ս-300 զենիթահրթիռային համակարգեր

«Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շոյգուն իր ղազախ պաշտոնակից Ադիլբեկ Ջաքսիբեկովի հետ բանակացությունների ավարտին ասել է. «Մենք նախատեսել ենք հենց այս տարի էլ սկսել Ղազախստանին տրամադրել օդային տարածքի պաշտպանության համար բավարար քանակի Ս-300 համալիրներ»։

Այլ մանրամասներ այս պահի դրությամբ չեն հաղորդվում։

Հիեցնենք, որ դեռևս 2010-ին Ղազախստանի ՀՕՊ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Սորոկինը հայտարարել էր՝ Մոսկվան Ս-300-ներն իրենց անվճար է տրամադրելու, այն էլ՝ մոտ 10 դիվիզիոն։

Սակայն 2012-ի մայիսին ռուսական կողմն արձագանքեց՝ փաստելով, որ այս հարցում որևէ հստակ պայմանավորվածություն այդ պահի դրությամբ չկար։
Ներկայումս Ղազախստանի ՀՕՊ ուժերն ունեն ղազախական կողմի բնորոշմամբ «քիչ քանակությամբ Ս-300-ներ, որոնք հիմնականում կիրառվում են մայրաքաղաքի օդային տարածքը պաշտպանելու նպատակներով»։ Բացի այդ, Ղազախստանն ունի շատ ավելի հին Ս-300-ներ, որոնց արդիականացման մասին բազմիցս հայտարարել է։

Հավելենք, որ  Բելառուսի պաշտպանության նախարարների 2013-ի հոկտեմբերի 29-ի հանդիպումից հետո Սերգեյ Շոյգուն նշել էր՝ Ռուսաստանը մտադիր է Բելառուսին փոխանցել 4 միավոր Ս-300 զենիթահրթիռային համալիրներ, սակայն որ մոդիֆիկացիայի, չէր մանրամասնվել:

2013-ի նոյեմբերին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ Ռուսաստանը նախատեսում է ուժեղացնել Բելառուսի հետ Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգը, որից հետո անցնել Հայաստանի և Ղազախստանի հետ նմանատիպ համակարգերի ստեղծմանը։

Նշենք, որ ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգը ստեղծվել է 1995-ի փետրվարին ԱՊՀ 9 պետությունների միջև կնքված պայմանագրով։ Ուկրաինան և Ուզբեկստանը հետագայում սկսել են Ռուսաստանի հետ համագործակցել միայն երկկողմ հիմունքներով։ Ներկայումս համակարգի մաս են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Թուրքմենստանը։

One response to “ՌԴ-ն սկսելու է Ղազախստանին Ս-300 համալիրներ տրամադրել 2014-ից. Շոյգու

  1. Pingback: Ղազախստանը վավերացրել է ՌԴ-ի հետ միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *