ՌԴ զորավարժարաններից մեկում 3 զինծառայող է մահացել

Ռուսաստանի Խաբարովսկի շրջանի զորավարժարաններից մեկում հունվարի 30-ին գիշերային վարժանքների ժամանակ տանկի ներսում արկերի պայթյունի հետևանքով մահացել է 3 զինծառայող, այդ թվում՝ մեկ սպա։

ՌԴ պաշտպանության նախարարությունից «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը հաղորդել են, որ պայթյունի պատճառը ներկա դրությամբ պարզ չէ։ Զորամասում հավաստիացնում են, որ վարժանքներից առաջ տեխնիկայի անվտանգությանն առնչվող բոլոր գործողությունները կատարել են. հանձնաժողովը ստուգել է զինտեխնիկան, սպառազինությունը, արկերը, զինամթերքը, տանկի անձնակազմը թույլտվություն է ունեցել վարժանքներին կրակ բացելու, իսկ վարժանքներից րոպեներ առաջ տանկի ներսից հրամանատարը տեղեկացրել է, որ իրենք պատրաստ են սկսելու։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում, հայտնի չէ նաև, թե ինչ տանկում է եղել պայթյունը։

Նշենք, որ ներկայումս զորավարժարանի տարածքում աշխատում է Արևելյան ռազմական օկրուգի հրամանատարի գլխավորած հանձնաժողովը՝ միջադեպի մանրամասներն ու պատճառները պարզելու համար։

Նկատենք, որ 2013-ին արձանագրվել են արկերի կամ զինամթերքի պայթյունների մի շարք միջադեպեր ՌԴ զորավարժարաններում։ 2013-ի հոկտեմբերի վերջին Պսկովի մերձակայքում զինամթերքի պայթյունից մահացել էին 6 զինծառայողներ, վիրավորվել՝ 2-ը։ 2013-ի հունիսին խոշոր պայթյուն էր գրանցվել Պրիվոլժիեի զորավարժարանում, տուժել էր 50 հոգի։ 2013-ի դեկտեմբերին Վորոնեժի շրջանի Պոգոնովո զորավարժարանում զինամթերքի ոչնչացման ժամանակ պայթյունի պատճատով վնասվածքներ էր ստացել Ուրալի գործարանի աշխատակիցը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *