Զաքիր Հասանովի 100-օրյա պաշտոնավարման ամփոփումը

2013-ի հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Սաֆար Աբիևը հեռացվեց և պաշտպանության նոր նախարար նշանակվեց դեռևս 2003-ից ներքին գործերի փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Զաքիր Ասքեր օղլու Հասանովը։ Ռազմինֆոն ամփոփում է նախարարի 100-օրյա պաշտոնավարումը:

Զաքիր Ասքեր օղլու Հասանով

Զաքիր Ասքեր օղլու Հասանով

2013-ի ընթացքում Սաֆար Աբիևի հրաժարականի պահանջներ ավելի ու ավելի հաճախ էին հնչում, իսկ կաշառակերության, հունգարական բանկերում ունեցած 87 մլն ԱՄՆ դոլարի հաշվեհամարների և ԱՄՆ դեսպանի հանդիպման գաղտնալսման միջազգային սկանդալից հետո փորձագետները կանխատեսում էին Աբիևի պաշտոնանկությունը: Աբիևի անվան հետ առնչվող սկանդալների շրջանը համընկավ հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների հետ, և ահա վերընտրվելուց հետո Իլհամ Ալիևը հեռացրեց 18 տարի պաշտոնավարող նախարարին. ընդ որում Աբիևին այլ պաշտոն չառաջարկեցին:

Նկատենք, որ Հասանովի թեկնածությունը նախարարի պաշտոնում նախընտրական շրջանում և նույնիսկ ընտրություններից հետո չէր քննարկվում:

Քննարկումներ ծավալվեցին՝ ինչո՞ւ Հասանովը

Սկզբնական շրջանում որպես կանխորոշիչ գործոն նշվում էին Նախիջևանի Փաշաևների կլանի հետ սերտ կապեր ունենալը և Իլհամ Ալիևի մտերիմներից լինելը: Անգամ տեսակետ հնչեց, որ Հասանովի ընտրությունն արտացոլում է Ադրբեջանի ռազմաքաղաքական կուրսի փոփոխությունը՝ երկրի վարչակազմը և նախագահական ընտրությունները քննադատող Արևմուտքից դեպի «սպառազինություն մատակարարող» Ռուսաստան, իսկ Հասանովն ի տարբերություն «նատօյական» Աբիևին, «Ռուսաստանի մարդն է»: Իրավիճակը սթափ գնահատելով՝ փաստենք, որ նշվածները չեն կարող առաջնային պատճառ կամ բավարար հիմք հանդիսանալ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու համար, չի բացառվում՝ դրանք այս կամ այն չափով զուտ խթան են:

Հասանովի ընտրության դրական կողմերից շեշտվում էր՝ նա հեռու է եղել կաշառակերության սկանդալներից, գեներալների ներքին հակասություններից, ներքին զորքերում ապահովել է կարգապահության մթնոլորտ: Բացասականը թերևս մարտական փորձի իսպառ բացակայությունն է այն պայմաններում, երբ Ադրբեջանը չլուծված հակամարտություն ունի, բացի այդ էլ Հասանովը երբևէ չի աշխատել նման քանակի անձնակազմի ու բարձրաստիճան զինվորականների հետ, ուստի փորձի բացակայությունը զգացնել կտա նաև այս պարագայում:

Քիչ թե շատ ընդդիմադիր ուժերն էլ ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հասանովը շատ ավելի քաղաքականացված պաշտոնյա է Աբիևի համեմատ: Եվ իրոք, Հասանովի՝ ներքին զորքերի հրամանատար պաշտոնավարելու ընթացքում Ադրբեջանում ՆԶ զինծառայողների բռնի ուժի կիրառմամբ ճնշվել են հակակառավարական բազմաթիվ բողոքի ցույցեր, իսկ ռուսական պարբերականներից մեկին 2006-ին տված իր եզակի հարցազրույցում Հասանովն ակնհայտ քաղաքական դիրքորոշում է արտահայտել՝ ընդգծելով, որ Ադրբեջանում «գունավոր հեղափոխությունները բացառված են»: Չի բացառվում, որ Հասանովի օրոք իշխանություններն առավել ազդեցություն և վերահսկողության լծակներ ունենան ադրբեջանական զինուժի վրա, հատկապես որ Զաքիր Հասանովը ռազմական կարիերան սկսել է հենց Իլհամ Ալիևի օրոք և մտերիմ է նախագահական աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի հետ: Նախագահական աշխատակազմի միջամտությունը կարծես թե արդեն զգացնել է տալիս. աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահիդ Վելիևի բարեկամներին և մտերիմ զինվորականներին ՊՆ-ում պաշտոններ են բաժանվում։

Կարծիքներ հնչեցին, որ Աբիևի հեռացմամբ ամրապնդվել են ԳՇ պետ Նաջմեդին Սադիգովի դիրքերը, որը հաճախ է ուղեկցում նոր նախարարին  պաշտոնական հանդիպումներին և զորամասեր այցելելիս, նրա հիմնական խորհրդատուն է:

ԶՈւ կորուստների կոծկում, ինքնասպանությունների աճ

«Զաքիր Հասանովը ժառանգություն ստացավ կորուստների մեծ թվով բանակ» այս միտքն առանցքային էր ադրբեջանական մամուլի 2013-ի հրապարակումներում, մյուս կողմից էլ բավականին հարմար արդարացում էր նոր նախարարի նախաձեռնությունների տապալման դեպքում: Ռազմինֆոյի մշտադիտարկման արդյունքում պարզվել էր՝ 2013-ի Հասանովի պաշտոնավարման առաջին ամսվա ընթացքում (չհաշված 2013-ի հոկտեմբերի 26-ին պաշտոնապես չհաստատված մարտական զոհը հայկական գնդակից) թե՛ Ադրբեջանի ՊՆ-ն, թե՛ ադրբեջանական մամուլը կորուստների վերաբերյալ որևէ տեղեկություն չեն հրապարակել, ավելին՝ 2013-ի կտրվածքով չհաստատված կորուստների մեծ մասը բաժին է ընկնում հենց Զաքիր Հասանովի պաշտոնավարման առաջին ամիսներին: 2014-ին արդեն պատկերն այլ է, կորուստների գերակշիռ մասը ոչ միայն հաստատվում է, այլև մարտականները տեղ են գտնում ՊՆ պաշտոնական կայքում, սակայն այս անգամ էլ ՊՆ-ն գնում է պատճառների կոծկումների ուղիով, ինչի պատճառով զոհվածների հարազատներին և զինծառայողների իրավունքներով զբաղվող ՀԿ-ներին իր դեմ է տրամադրում:

Նկատենք, որ տարին դեռ նոր է սկսվել, բայց 2014-ն ադրբեջանական պաշտպանական և անվտանգության համակարգերում արդեն դարձել է վերջին 11 տարվա կտրվածքով առաջատարն ինքնասպանությունների թվով. մինչև հունվարի 17-ը՝ 4 կորուստ, 4-ն էլ նախնական վարկածով ինքնասպանություն:

Կադրային փոփոխություն, թե՞ կադրային սպանդ

Նախարարը պաշտոնավարումը սկսեց կադրային կտրուկ փոփոխություններով, որոնք նույնքան անակնկալ էին, որքան և Հասանովի նշանակումն այս պաշտոնում: Ընդ որում, պաշտոնանկություններ ու նշանակումներ արձանագրվեցին ինչպես բարձրաստիճան զինվորականների, այնպես էլ ՊՆ-ի գործունեության շրջանակներում ոչ այնքան կենսական նշանակության պաշտոններում: Իրականում արտառոց չէր, որ նոր նախարարը իր հետ պետք է նոր կադրեր, այդ թվում՝ իր համախոհներին բերի՝ միաժամանակ հեռացնելով Սաֆար Աբիևին հավատարիմ գեներալներին, սակայն հասարակությունը սպասում էր երիտասարդ կադրերի, մյուս մասն էլ՝ արդեն պաշտոնավարման հարուստ փորձ ունեցող գեներալների հետ համագործակցության հետևանքով սկիզբ դրած բարեփոխումների, ինչը չկայացավ: Նախարարը հայտարարեց Աբիևի օրոք տարբեր պատճառներով հեռացված ու պահեստազորը համալրած սպաների հավանական վերադարձի մասին, պաշտոններից հեռացրեց Արցախյան պատերազմում կռված ու բանակի հիմքում կանգնած մի շարք գեներալների, փոխարենը պաշտոններ շնորհեց այսպես կոչված մի քանի «գրասենյակային զինվորականների»: Սկզբնական շրջանում կադրային փոփոխությունները միաձայն ողջունող հասարակության շարքերում հետզհետե գլուխ բարձրացրին դրանցից դժգոհողները: Հնչեցին կարծիքներ, որ կադրային փոփոխություններն իրականում միտված են ոչ թե բարեփոխմանը, այլ արդյունք են զինվորականների տարբեր խմբերի ներքին պայքարի, երբ դեռ հաղթողի դերում է Զաքիր Հասանովին սատարող խումբը։

Արցախյան հիմնախնդրին մոտեցումը

Հասանովի այս մոտեցման մասին կարող ենք պատկերացում կազմել դեռևս միայն պաշտոնական  հանդիպումներին հնչեցրած մտքերից: Համաձայն դրանց՝ նա տուրք չի տալիս նախկին նախարարին բնորոշ, հայկական կողմին ուղղված պատերազմի ակնհայտ սպառնալիքներին՝ նախապատվություն տալով առավել դիվանագիտական ձևակերպումների՝ «խաղաղ ճանապարհով լուծում», «միջազգային իրավունք»։ Դա կարող է պայմանավորված լինել ինչպես պաշտոնավարման սկզբնական շրջանում զուսպ կեցվածքով միջազգային  հանրությանը ներկայանալու ձգտումով, այնպես էլ կարող է դիտարկվել պաշտոնական Բաքվի, այդ թվում՝ Իլհամ Ալիևի ռազմատենչ տարրերով ելույթներից առժամանակ հրաժարվելու շրջանակներում: «Հողերն ազատագրելու» վերաբերյալ կոչերը Հասանովի խոսքերում հայտնվեցին միայն վերջին շրջանում առաջնագծում լարված իրավիճակի հետ:

«Նախիջևանի բանակ» և Բաքվի 3 զորամասի վերակազմավորում

Սա նախարարի կատարած առավել արմատական փոփոխություններն են, որոնց գործառույթների և առհասարակ կատարած փոփոխության պատճառների մասին ոչինչ հայտնի չէ: Այնուհանդերձ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության անկախացման և ինքնակառավարման մարմինների ինքնուրույն գործելակերպի նշանները Բաքուն միշտ ցավոտ է տարել, իսկ Նախիջևանի կորպուսից Նախիջևանի «Առանձին համազորային բանակ» ստեղծելն ինքնըստինքյան պարունակում է առանձնացման տարրեր:

Կոսմետիկ փոփոխություններ

Ճիշտ է՝ դեռ պաշտոնական հաստատում չկա, սակայն իրականությանը մոտ են ԶՈւ սննդակարգում, հանդերձավորման, զինծառայողների հուղարկավորության կարգի փոփոխությունները, ինչպես նաև զորամասերում քաղաքացիական անձերին նոր աշխատատեղեր հատկացնելը (օրինակ՝ խոհարարներ): Սննդակարգի փոփոխությունը միտում ունի «խորհրդային շրջանից մնացած ուտելիքը և կերակուրները փոխարինել ադրբեջանականով» այն պարագայում, երբ նույն ժամանակահատվածում Ադրբեջանում սննդամթերթի կտրուկ թանկացումներ են. հնարավոր է, որ սա կոռուպցիայի նոր ալիք բարձրացնի: Դատելով վերջին շրջանի մարտական զոհերի հուղարկավորությունից՝ ՊՆ-ն այնուհանդերձ շարժվում է նոր արարողակարգով, ինչը կարելի է դրական գնահատել, քանի որ մինչ այդ ՊՆ-ն որևէ մասնակցություն չէր ցուցաբերում հուղարկավորությանը, ինչը նպաստում էր ՊՆ-ի դիրքորոշումից հերթական դժոգոհությանը։

Այս փոփոխությունները, եթե կայացած փաստ համարենք, զուտ կոսմետիկ բնույթի են, քանի որ բազմիցս բարձրաձայնած առաջնահերթ խնդիրները՝ ռազմական հոգեբանների պակասը, սպաների կրթությունը, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով սպանությունները մնում են չլուծված։

Կաշառակերության դեմ պայքար

Սաբար Աբիևի օրոք ՊՆ հիմնական արատներից էր կաշառակերության առկայությունը։ Հասանովի օրոք հաճախ են արձանագրվում հաղորդագրություններ՝ այս կամ այն բարձրաստիճան զինվորականի՝ կաշառակերության հարցում մեղադրանքներ հղելու և ձերբակալության փաստերի մասին։ Մի կողմ դնելով, որ դրանք երբեմն ուռճացված են ներկայացվում, չի բացառվում, որ կաշառակերության սույն փաստերը հավաքագրվել են դեռևս Սաֆար Աբիևի ժամանակ, իսկ Հասանովի պաշտոնավարման առաջին ամիսներին ձեռնարկվել է նրանց քրեական պատասխանատվության ենթարկելը։

Քարոզչական մեխանիզմների կիրառում

Նոր նախարար, որը մինչ նշանակվելը մամուլում գրեթե չի հիշատակվել, հասարակական անձ չէ, արտառող սխրանքներով, միևնույն ժամանակ աղմկահարույց սկանդալներում չի երևացել, բացի այդ չունի համախոհների խումբ և բարձր վարկանիշ զինվորականների շրջանում…

Այս բացը միգուցե ակամայից, միգուցե և մտածված լրացվել ու լրացվում է  շարքային զինծառայողին և զինվորականներին մոտ կանգնած նախարարի կերպար ստեղծելուն ուղղված քարոզչական տարրերով հարուստ հրապարակումներով: Օրինակ՝ Զաքիր Հասանովը սեփական ժամացույցը նվիրեց խրամատում կանգնած զինծառայողին, ամենագնաց ավտոմեքենաներ նվիրեց կորպուսների հրամանատարներին, Զաքիր Հասանովը կրկին առաջնագիծ է այցելել: Այս ամենը լրացվում է զինվորականների ու զինծառայողների շարքերում զրուցող, զինվորների ձեռքը սեղմող նախարարի լուսանկարներով: Բարդ է ասել՝ այս քարոզչամիջոցներն ավելի շատ դրական, քան թե բացասական են ազդում, բայց միանշանակ նախարարին դարձնում են «քննարկվող անձ»:

Փոխադարձ անվստահության մթնոլորտ

Կարծում ենք՝ ՊՆ-ի քարոզչական քայլերը, եթե ընդունենք, որ դրանք որոշակի արդյունք ունեն, չեզոքացվում են հասարակության նկատմամբ անվստահության մասին վկայող, դեկտեմբերից մինչ այժմ տարածած ՊՆ 3 պաշտոնական հաղորդագրություններով: Դրանցում լրատվամիջոցներին և քաղաքացիներին կոչ է արվում ռազմական բնույթի ոչ պաշտոնական տեղեկություններ չհրապարակել սոցցանցերում, այդ թվում՝ կադրային փոփոխությունների մասին, և սա այն պարագայում, երբ այդ նույն փոփոխությունների վերաբերյալ ՊՆ-ն հրաժարվում է մեկնաբանություններ տալ:

ՊՆ-ն խնդիրներ ունի մամուլի հետ աշխատանքի հետ հարցում ևս, որը կարող էր կամուրջ լինել բանակ-հասարակություն փոխառնչություններում: Նշանակումից օրեր անց Հասանովը հեռացրեց մամուլի խոսնակին, որոշ ժամանակ անց՝ փոխխոսնակին, իսկ նոր խոսնակ նշանակեց միայն դեկտեմբերի 31-ին: Ավելին, նախարարը մինչ օրս մամուլի ասուլիս չի ունեցել, հանդես է եկել մեկ-երկու կարճ մեկնաբանությամբ: 2013-ի հոկտեմբերից ՊՆ-ում քաոսի նախանշաններ կային, դրանք նվազել, բայց չեն վերացել ներկայումս էլ. միմյանց հաջորդում են նշանակումներ և պաշտոնաթողություններ, պաշտոնական մեկնաբանության բացակայության պայմաններում մի շարք փորձագետների՝ երբեմն իրար հակասող խոսքն ընկալվում է հիմնական ու հավաստի աղբյուր: Եթե փոփոխությունները չմեկնաբանելով ՊՆ-ն փորձում է ինտրիգ ստեղծել՝ հասարակության ուշադրությանն իր գործունեությանը սևեռելով, ապա պարզ չէ, թե ինչու հետախուզության վարչության պետի նշանակումը հաստատում է, իսկ օրինակ կորպուսի հրամանատարինն անպատասխան թողնում:

Այսպիսով, կասկածից վեր է, որ Զաքիր Հասանովը ժառանգություն էր ստացել խնդիրներով հարուստ բանակ, միևնույն ժամանակ պաշտոնավարման առաջին ամիսներին «ռազմական գաղտնիքի» ներքո իրականացվող անհասկանալի փոփոխությունները և վերակազմավորումները ստեղծել են որոշակի քաոսային իրավիճակ։ Եթե 2013-ին «դեռևս վաղ է խոսել, սպասենք ու տեսնենք», «18 տարի անց փոփոխությունը ցանկացած դեպքում դրական է» միտումներն են գերակշռող, ապա 2014-ը նախարարը սկսեց սեփական անձին և գործունեությանն ուղղված քննադատություններով:

Այնուամենայնիվ, ընդամենը 100 օր անց թյուր կլինի ներկայացնել ամբողջական պատկերը ու տալ սպառիչ գնահատականներ։ Կարծում ենք՝ առաջիկա ամիսներին կադրային փոփոխությունների արդյունքում ձևավորված թիմի աշխատանքը, ինչպես նաև վերակազմավորված զորամասերի ու  կորպուսների գործունեությունը լավագույնս ցույց կտան՝ որքանով է նոր նախարարի նախանշած ուղին արդյունավետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *