ՆԱՏՕ-ն դիմել է ՌԴ-ին` ավիաբազա տրամադրելու խնդրանքով. օրվա ամփոփում

Ըստ նախնական տեղեկության, ադրբեջանական կողմի կրակից սպանվել է պայմանագրային զինծառայող, 44-ամյա Սևակ Ասլիկյանը:  ԱՄՆ պետդեպարտամենտը հակադարձում է ադրբեջանական այն տեսակետին, թե Արցախի հիմնահարցը պետք է կարգավորվի ռազմական ճանապարհով: Բարաք Օբաման էլ անընդունելի է համարել Սիրիայի հարցի ռազմական ճանապարհով լուծումը:

  • Նախնական տվյալներով` ադրբեջանցի դիպուկահարի կրակից մահացել է պայմանագրային զինծառայող Սևակ Ասլիկյանը: Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, թե հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: Վերջինիս տեղափոխել են զինվորական հոսպիտալ:
  • ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն անդրադարձել է բանակի խնդիրներին` նշելով, որ Արցախի սահմանների պաշտպանությունն առավել մեծ լարվածություն է պահանջում, իսկ վիճակագրությունը ցույց է տվել, որ պատահարները բանակում նվազել են:
  • ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել ուժային ճանապարհով: Նուլանդը նշել է, որ ԱՄՆ-ն՝ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր , վճռականորեն է տրամադրված` խաղաղ ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորմանը:

Միջազգային լուրերը հայկական մամուլում

  • Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանը մի լավ պատասխան հարված կտա, եթե Իսրայելը որոշի ռազմական գործողություններ սկսել:
  • ԱՄն պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումները Սիրիայի հարցում աստիճանաբար մոտենում են, և դա ուժեղացնում է միջազգային ճնշումը Սիրիայի նախագահի վրա:
  • Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` անդրադառնալով Սիրիայի թեմային, ասել է, թե «ռազմական միջամտությունը Սիրիայում բացառվում է, քանի որ դա կարող է բերել երկարատև քաղաքացիական պատերազմի»:
  • ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Պետդումայում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին է դիմել առաջարկով, որպեսզի Ուլյանովսկ քաղաքի ավիաբազան տրամադրվի Աֆղանստան ոչ մահացու ռազմական բեռներ տեղափոխելու համար: Ըստ Լավրովի` այս առաջարկը շահավետ է և զգալի կավելացնի ՌԴ բյուջեն:
  • ԱՄՆ-ի զինված ուժերն Աֆղանստանից դուրս են բերել 16 քաղաքացիական անձանց, ներառյալ կանանց և երեխաների սպանությունն իրականացրած զինծառայողին: ԱՄՆ-ի իշխանությունները չեն հայտնել, թե ուր է տեղափոխվել կասկածյալը՝ նշելով սակայն, որ նա չի տարվել Միացյալ Նահանգներ: Կասկածյալի ինքնությունը մինչև պաշտոնական մեղադրանքներ ներկայացնելը նույնպես չի բացահայտվում:

Կորեկան թերակղզում զորավարժությունները շարունակվում են: Այս անգամ այն իրականացնելու և աշխարհին իր իշխանությունը ցույց տալու մտադրություն է հայտնել Հյուսիսային Կորեայի նոր առաջնորդ` Կիմ Չեն Ունը: Նա հրամայել է ռազմական ուժի բոլոր երեք ճյուղերի զորավարժություններ անցկացնել, որի գերխնդիրն իր` ռազմական առաջնորդ լինելը ցույց տալն է:

Լիբիան ԱՄԷ-ից կստանա 68 հատ «Միրաժ-2000» բազմաթիրախային կործանիչներ, որոնց հանձնման արարողությանը կմասնակցի նաև  Ֆրանսիան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *