Կարմիր խաչը բանակցում է Ադրբեջան անցած 77-ամյա հայ բնակչին տեսակցելու համար

Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Ադրբեջանի իշխանությունների և համապատասխան կառույցների հետ՝ հունվարի 28-ին Տավուշի Վերին Կարմիրաղբյուր գյուղից հակառակորդի սահմանն անցած 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանի հետ տեսակցելու նպատակով։

Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին տեղեկացրել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հանրային կապերի բաժնի պետ Իլահա Հուսեյնովան։

Ռազմինֆոն հարցի առնչությամբ զրուցել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունու հետ։ Վերջինիս խոսքերով՝ բանակցային գործընթացն արդեն մեկնարկել է, ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները մանդատի շրջանակներում քայլեր են ձեռնարկում Խոջոյանի հետ տեսակցելու։ Ռազմինֆոյի այն հարցին՝ արդյոք ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակն արդեն իսկ կապ է հաստատել Խոջոյանի հարազատների հետ, Զառա Ամատունին հրաժարվեց մեկնաբանել՝ հավելելով «ԿԽՄԿ գործունեության շրջանակներում է բոլոր կողմերի հետ կապ հաստատելը և բոլոր ասպեկտներից հարցի պարզաբանումը»։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր՝ իբր Տավուշից Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղ է անցել «հայ զինված դիվերսանտ», ՀՀ ՊՆ-ն հերքել էր այս տեղեկությունը։

Ռազմինֆոյին հաջողվել էր պարզել, որ սահմանն անցածն իրականում 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանն է, որը  հոգեկան խանգարումներ ունի. նա հունվարի 28-ին դուրս էր եկել գյուղից անհայտ ուղղությամբ, և համագյուղացիները փնտրում էին նրան։ Այսօր արդեն ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Մամիկոն Խոջոյանի լուսանկարները, ինչպես նաև տեսագրություններ միջադեպի վայրից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *