Հորդանանի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը հունվարի 26-ին վայր է ընկել երկրի հյուսիսային հատվածում։ Կործանիչն ուսումնական թռիչք էր կատարում։ Օդաչուն կարողացել է ժամանակին դիմել կատապուլտի օգնությանն ու փրկվել է։Նրան արդեն հայտնաբերել են, լուրջ վնասվածքներ չունի։
Ինքնաթիռն ընկել է անմարդաբնակ անապատային տարածքում, ինչի շնորհիվ էլ հնարավոր է եղել խուսափել մարդկային զոհերից։
Ըստ նախնական տվյալների՝ թռիչքի ժամանակ կործանիչում տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել, ինչն էլ նկատել է օդաչուն և լքել ինքնաթիռը։ Ներկայում քննություն է ընթանում՝ պարզելու կործանիչի կործանման պատճառները, փոխանցում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։
Նշենք, որ Հորդանանը, որը սերտ ռազմական հարաբերություններ է պահպանում Միացյալ Նահանգների հետ, իր սպառազինությունում ունի 43 միավոր F-16A և 17 միավոր F-16B կործանիչներ։