Հայտնի է Սիրիայում սպանված ևս մի ադրբեջանցի զինյալի անունը

Ադրբեջանական լրատվամիջոցները հունվարի 29-ին հայտնում են Սիրիայում սպանված հերթական ադրբեջանցի զինյալի մասին, որը Շեքիի շրջանի բնակիչ էր։ Այնուհանդերձ, նույն անունով զինյալի մահվան վերաբերյալ նյութ էր հրապարակվել դեռևս 2013-ի ապրիլի սկզբին։

«Զուբեյր Ազերի» մականունով ադրբեջանցի զինյալը

«Զուբեյր Ազերի» մականունով ադրբեջանցի զինյալը

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով «մոջահեդների» կայքերին՝ առանց դրանց անունները հիշատակելու, գրում է, որ «Զուբեյր Ազերի» (Zübeyr Azəri) մականունով ադրբեջանցի զինյալն օրերս սպանվել է Սիրիայում Բաշար Ասադի համախոհ ուժերի դեմ մարտերում։ Նյութին կից ներկայացված է սպանվածի լուսանկարը։

Նկատենք, որ դեռևս 2013-ի ապրիլին ադրբեջանական ANSpress լրատվական գործակալությունը հաղորդել էր Աբու անունով «Զուբեյր Ազերի» մականունը կրող (Əbu Zübeyr Azəri) ադրբեջանցի զինյալի սպանության վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, խոսքը նույն անձի մասին է, հատկապես որ  ԱՊԱ-ն վերջին շրջանում նոր է սկսել նյութեր հրապարակել 2013-ի ընթացքում սպանված ադրբեջանցի զինյալների մասին։

Սիրիայում կռվող ադրբեջանցի զինյալների խնդիրն արդեն իսկ լուրջ է. եթե իշխանությունները 2013-ի սկզբին փորձում էին կոծկել այն, ապա այժմ դա անհնար է դարձել։

Սիրիա մեկնելուն դեմ ուղղված կոչերով պարբերաբար հանդես են գալիս ադրբեջանցի պատգամավորներ, հասարակական, քաղաքական, կրոնական գործիչներ, համապատասխան կառույցներ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն օրերս պաշտոնական հաղորդագրություն էր տարածել սույն թեմայով՝ այնուհանդերձ չհաստատելով ու չհերքելով, որ սպանվածներն ադրբեջանցիներ են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *