ԱՄՆ անօդաչու թռչող սարքը վթարի է ենթարկվել Մեքսիկայի հետ սահմանին

ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքերից մեկը, որը պարեկություն էր անում Մեքսիկայի հետ սահմանին, հունվարի 28-ին վթարի է ենթարկվել Հարավային Կալիֆորնիայի ափամերձ շրջանում։

MQ-9 Predator B ԱԹՍ, լուսանկարը՝ AP լրատվական գործակալությանըվ

MQ-9 Predator B ԱԹՍ, լուսանկարը՝ AP լրատվական գործակալությանըվ

Ինչպես հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը, հղում կատարելով ԱՄՆ սահմանապահ ծառայության մամուլի խոսնակ Մայք Ֆրիելի խոսքերին, նախնական վարկածով վթարի պատճառը տեխնիկական թերացումներն են, որոնք ըստ երևույթին ի հայտ են եկել այն ժամանակ, երբ ԱԹՍ-ն Սան Դիեգոյի օդային տարածքում է եղել։ Հաշվի առնելով տեխնիկական խաթարման աստիճանը՝ Արիզոնայում տեղակայված կառավարման կենտրոնի օպերատորները որոշում են կայացրել ԱԹՍ-ն Խաղաղ օվկիանոս վայր գցել։

Այնուհանդերձ, դեռևս չի հաղորդվում, թե ինչ տիպի տեխնիկական թերացումներ էին առկա, այլ մանրամասներ ևս հայտնի չէ։ Տեղեկացվում է միայն, որ հետաքննություն է ընթանում, վթարի հետևանքով տուժածներ չկան։

Վթարի ենթարկված ԱԹՍ-ն ենթադրաբար Predator B անօդաչու թռչող սարքերի ընտանիքից է, որոնք հիմնականում օգտագործվում են Մեքսիկայի հետ սահմանին պարեկության և թմրանյութերի ապօրինի շրջանառման դեմ պայքարում։ Սահմանապահ ծառայության համար նախատեսված այս ԱԹՍ-ները կրում են ռադիոտեղորոշման սարքեր։ ԱՄՆ սահմանապահ ծառայությունն ունի 10 միավոր նման սարք, մեկ միավորի արժեքը 12 մլն ԱՄՆ դոլար է։

Նկատենք, որ մինչ հետաքննության ավարտը սահմանապահ ծառայությունը կասեցրել է այս ընտանիքի բոլոր ԱԹՍ-ների թռիչքը սահմանային հատվածներում։

Հավելենք նաև, որ սահմանապահ ծառայությանը պատկանող Predator B անօդաչու թռչող սարքի վերջին վթարն արձանագրվել էր 2006-ին Արիզոնայում, վթարի պատճառն օպերատորների սխալն էր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *