Մենք մեր տարածքներին հարմար ավիատեխնիկա ունենք. գնդապետ Բալայան

Որպես ռազմական կրթօջախ՝ պետք է շատ լուրջ մոտենանք։ Եթե մարդ գնում է զինվորական ծառայության, պետք է և´ կառավարի, և´ ենթարկվի։ Մեր ազգը միայն սիրում է կառավարել։ Զինված ուժերն այն կառույցն է, որտեղ առաջնահերթ պետք է սովորեցնես ենթարկվել ոչ թե անհատի, այլ օրենքներին։

ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանեիլ Բալայան

ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանեիլ Բալայան

ՀՀ ԶՈւ կազմավորման 22-ամյակի առիթով Ռազմինֆոն զրուցել է ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանեիլ Բալայանի հետ։

Ասում են՝ արցախյան պատերազմի ժամանակ մեր ավիացիան թույլ էր, մասնագետների խնդիր ունեինք։ Դուք օդաչու էիք չէ՞, կպատմեք այդ ժամանակաշրջանից։

Այո´, գործից ազատ ժամանակ թռիչքներ եմ կատարում (Կատակում է)։ Ես ոչ թե օդաչու եմ, այլ կրթությամբ օդաչու-հրահանգիչ եմ, այսինքն՝ մի աստիճան էլ բարձր։ Ես օդաչուական մանկավարժական ուսում եմ ստացել ու մինչև այսօր պրակտիկ թռիչքներ եմ իրականացնում։

Թող տարօրինակ չթվա, բայց պատերազմին անմիջականորեն չեմ մասնակցել։ Չեմ մասնակցել, որովհետև ես ղեկավարում էի Արզնիում տեղակայված օդանավակայանի հանրապետական աերոակումբը։ Մեր օդանավակայանով բավական շատ թռիչքներ էին իրականացվում, չնայած այդ ժամանակ Հայաստանում օգտագործվում էին Մի-8 ուղղաթիռները և Յակ-40 ինքնաթիռները։ Մեր հիմնական խնդիրը աերոակումբը պահելն էր։ Եկեք ճիշտը խոսենք, եթե ազգի մի մասը հայրենասիրական մղումներով կռիվ էր տալիս, մի մաս էլ կար, որ զբաղված էր թալանով։ Որպեսզի այդ ամբողջ տեխնիկան չկորչի, մեր հիմնական գործը դա պահպանելն էր։ Այդ հանրապետական աերոակումբներից կային նաև Վրաստանում և Ադրբեջանում։ Երկու տեղն էլ փոշիացան։ Ես ամբողջ տեղեկատվությունը ստանում էի մեր հարևաններից, իսկ մենք պահեցինք ու պահպանեցինք։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ չենք ունեցել լավ մասնագետներ, ապա սխալ է։ Դեռ չկար պաշտպանության նախարարություն, չունեինք զինված ուժեր, բայց ողջ գործն անում էր մեր քաղաքացիական ավիացիան։ Բայց թե ինչ արեցին մեր Մի-8 ուղղաթիռների օդաչուները, հերոսական թռիչքներ էին։ Եթե չլիներ բարձր մասնագիտական որակավորումը, հնարավոր չէր այդ թռիչքներն իրականացնել։

Մանկական երազա՞նք էր, որ օդաչու դարձաք։

Ինձ մոտ, այո´։ Ընդհանրապես այս մասնագիտությունն ընտրում են փոքր ժամանակվանից։ Ում ուզում եք հարցրեք, բոլորի մոտ էլ այդպես է։ Ոչ ոք չի ավարտում 10-րդ դասարանն ու որոշում օդաչու դառնալ։ Սա հոգու խորքում երազած մասնագիտություն է։

Կա՞ ինչոր թռիչք, որ տպավորվել է Ձեր հիշողության մեջ։

Իմ առաջին ինքնուրույն թռիչքը։ Յուրաքանչյուր օդաչուի մեջ տպավորվում է իր առաջին ինքնուրույն թռիչքը։ Իսկ ընդհանրապես ամեն թռիչքն ունի իր առանձնահատկությունը, իր հաճելի և դժվար կողմերը։ Ասել, որ մենք սրանով զբաղվում ենք, որովհետև էքստրիմ է կամ էլ ադրենալինի պակաս ունենք, սխալ կլինի։

Ժամանակին իմ ուսուցիչները սովորեցրել են ինձ, նույնն էլ ես եմ հիմա ասում կուրսանտներին, որ եթե ինչ-որ մեկը մտածում է, թե թռիչք կատարելով հերոսություն է անում, ապա ավելի լավ է ինքնաթիռին կամ էլ ուղղաթիռին մոտիկ չգնա։ Մի առաջադրանք հաճելի է լինում, մի առաջադրանք՝ դժվար, ամեն ինչ էլ պատահում է։ Ես կուրսանտներին սովորեցնում եմ, որ իրենց մասնագիտությունից հաճույք ստանան։ Օրինակ Դուք կլոր ծիածան տեսել ե՞ք։ (Ո´չհեղ)։ Իսկ ես իմ 36 տարվա թռիչքային պրակտիկայում 2 անգամ տեսել եմ։ Դա գեղեցկություն չէ՞։

 

Գնդապետ Բալայանը՝ առջևից

Գնդապետ Բալայանը՝ առջևից

Ձեր առաջին թռիչքից ի՞նչ եք հիշում, ի՞նչ էիք զգում։

ԱՆ-2 ինքնաթիռով եմ առաջին թռիչքս իրականացրել։ Միայն թռիչքի կեսից շրջվեցի նայեցի հետ՝ մտածելով կարող է օդաչու-հրահանգիչս թաքնվել է հետևում, չնայած նրան գետնի վրա էի թողել ու օդ բարձրացել։ Եթե մարդուն բաց են թողնում ինքնուրույն թռիչքի, ուրեմն վստահ են։ Ես իմ գործունեության ընթացքում 100-ից ավել երիտասարդի համար ստորագրել, թույլատրել եմ առաջին թռիչքի։ Պետք է մարդը հոգեբանորեն պատրաստ լինի։

Մի արտահայտություն ունեմ, որ միշտ ասում եմ, թե իմ աթոռը ոչ ոք չի կարող ինձնից վերցնել։ Մարդիկ մտածում են, թե այս ինստիտուտի պետի աթոռի մասին եմ ասում, բայց ո´չ, օդաչուի իմ աթոռի մասին եմ ասում։ Մարդ ինքն իրենով է հասնում այդ աթոռին։ Շատ կարևոր է նաև, որ ունենաս լավ ուսուցիչներ։ Մենք կարողացանք ապահովել մասնագիտության փոխանցումը հաջորդ սերունդներին։ Մենք ուղղաթիռներից ու ինքնաթիռներից դուրս չէինք գալիս, իսկ հիմա մեր աշակերտներն են արդեն սովորեցնում։

Երբ թռիչքի համար ստորագրում եք, չի՞ մեծանում արդյոք պատասխանատվության զգացումը, չէ՞ որ ինչքան էլ վստահ լինեք, ամեն դեպքում կյանքերի համար եք պատասխանատու։

Դա շատ ծանր բան է, մեկ տարվա մեջ մեկ որոշում ընդունողը կարող է 8-10 հոգու թույլտվություն տալ։ Ինչքան էլ թույլ ես տալիս, դու կանգնած ես գետնին, սպասում ես, անհանգստանում ես նրա համար։ Չես կարող թողնել ինքը թռչի, իսկ ինքդ շրջվես ու քո գործին գնաս։ Այնպես ստացվեց, որ 1996 թվականին ես 29 հոգու համար թույլտվություն ստորագրեցի 1,5 ամսվա ընթացքում։ Երբ ընկերներս իմացան, զարմացել էին։ Կարող է պատահեր, որ ես հոգեբանական ճնշմանը չդիմանայի։

Գրեթե օ՞րը մեկ թռիչք։

Օր է եղել 2 կամ 3 հոգու համար եմ ստորագրել։ Ում թույլ եմ տվել, ոչ մի բան չի եղել, Փառք Աստծո։ Եթե մի աշխատանք կատարում ես, մարդավարի արա, եթե՝ ոչ, ավելի լավ է գնա ուրիշ բանով զբաղվի։

Արդյո՞ք ամուր ձեռքերում է մեր օդային սահմանը։

Երբ որ մենք այստեղ նստած հանգիստ խոսում ենք, ո՞ւմ շնորհիվ է։ Իհա´րկե, մեր զինված ուժերի։ Ամեն մարդ իր տեղում իր աշխատանքն է կատարում։ Խրամատում կանգնած զինվորի աշխատանքը կարևոր չէ՞։ Առաջին կուրսում ես տղաներին միշտ ասում եմ, որ սկսած հավաքարարից՝ պետք է բոլորին հարգեք։ Օրն առաջինը հավաքարարն է սկսում, իսկ բոլորի աշխատանքից կախված է մյուսների գործը։ Զինված ուժերում բոլորն էլ կարևոր են, սա մի բարդ մեխանիզմ է, որ պետք է կատարի իր գործը։

Ի՞նչ ավիատեխնիկա կուզենայիք ունենար հայկական բանակը։

Մեր տարածաշրջանի համար այն հիմնական տեխնիկան, որ մեր տարածքում, օդային սահմանում կարող ենք օգտագործել, մենք ունենք։ Օրինակ Սու-25 կործանիչ ունենք, Մի-8, Մի-24 ունենք։ Ասենք թե բերեցինք գերձայնային Սու-27, լավ կլիներ, որ ունենայինք, բայց հասկանանք, թե որը մեզ ավելի շատ օգուտ կտա՝ Սու-25-ը, թե՞ Սու-27-ը։ Պետք է մեր տարածքների համեմատ տեխնիկա գնենք։ Չկարծեք, թե ավիացիան էժան հաճույք է։

Մենք կարողանո՞ւմ ենք ապահովել մեր օդաչուների համար սահմանված թռիչքաժամանակը։

100 տոկոս։ Մեր սաներին, ովքեր 20 տարի արդեն պրակտիկ թռիչքներ են իրականացնում, ես համարում եմ ոսկե տղաներ։ Ոչ թե իրենց մարդկային առումով, այլ երբ հաշվարկում ենք նրանց վրա կատարված ծախսերն ու այդ ծախսի համեմատ ոսկի գնում ու դնում նժարներին օդաչուի հետ, ապա նրանք իրար հավասար են լինում։ Սա այն ոլորտն է, որ դու ավելի շատ ծախսողի և ոչ թե ստացողի դերում ես։

Ասում են՝ օդաչուները թռիչքից հետո կյանքն ավելի շատ են սիրում։

Չէ´։ Ես թռիչքից հետո միշտ մոտենում եմ ավիատեխնիկին ու շնորհակալություն հայտնում, որ ինձ համար օդում խնդիրներ չի առաջացրել։ Օդաչուի գործը դաժանակիր աշխատանք է, ամեն թռիչքից առաջ պետք է պատրաստվես։ Գրքերում է այդպես գունավոր։ Նորմալ, բայց ծանր աշխատանք է։ Ձեր ասածից ստացվում է, թե ինչքան վտանգավոր է, որ ամեն թռիչքից հետո կենդանի է մնում ու սկսում է դողալ այդ կյանքի վրա։ Եթե պիտի դողա, ավելի լավ է չզբաղվի։ Ինձ համար դա անհասկանալի է։

Քանի՞ թռիչքն ունեք։

Մոտ 5000 ժամ։ Մերը ոչ թե տրանսպորտային թռիչքներ են, այլ ուսումնական թռիչքներ։ Մեզ մոտ հաճախականությունը շատ-շատ է, իսկ ժամաքանակը՝ քիչ։

Ի՞նչ կմաղթեք մեր զինված ուժերին։

Ինձ համար ամենասիրելի տոներից է։ Շնորհավորում եմ ոչ միան զինվորականներին, այլ առաջին հերթին մեր ազգին։ Եթե այսօր մեր ազգը կարողանում է խաղաղ գործել, սա մեր զինված ուժեի աշխատանքն է։ Մաղթում եմ բոլորին խաղաղութուն, անփորձանք ծառայություն, ծառայության մեջ էլ նորանոր հաջողություներ։ Թող ծառայությունից հետո էլ առողջ, ժպտերես վերադառնան իրենց ընտանիքների գիրկը։

Զրուցեց՝ Հասմիկ Մելիքսեթյանը

Նկարները՝ Սոսե Մուրադյանի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *