Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհուրդը հունվարի 27-ին կոչ է արել պաշտպանության նախարար, ֆելդմարշալ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսիին առաջադրել իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում: Այս մասին գրում է եգիպտական Ալ-Ահրամ թերթը:
Ակնկալվում է, որ առաջիկայում պաշտպանության նախարարը կհայտարարի՝ արդյո՞ք պատրաստ է առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում: Դրական պատասխանի դեպքում, Սիսին, համաձայն Եգիպտոսի օրենսդրությանը, պետք է հրաժարական տա և թողնի պատշպանության նախարարի պաշտոնը: Եգիպտոսում նախագահական ընտրությունները նախանշված են 2014-ի ապրիլի վերջին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուների հայտերն ընդունելու է փետրվարի 18-ից:
Նշենք, որ ֆելդմարշալ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսին Եգիպտոսում ամենամեծ հեղինակություն վայելող քաղաքական գործիչներից է, չնայած նրան, որ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Ադլի Մանսուրը: Վերջինս պետությունը ղեկավարում է ժամանակավորապես և նշանակվել է այդ պաշտոնում զինվորականների աջակցությամբ: Նախագահ Մանսուրը Սիսիին շնորհել է ֆելդմարշալի զինվորական կոչում, որը բարձրագույնն է եգիպտական բանակում, ինչից հետո նոր զինվորական խորհուրդը կոչ է արել նախարարին առաջադրել իր թեկնածությունը:
Հիշեցնենք, որ 2013-ի հուլիսին եգիպտական բանակը գահընկեց արեց նախագահ Մոհամմադ Մուրսիին, ինչին նախորդել էր շաբաթներ տևած ժողովրդական բողոքի ալիքը: Վիճակը կայունացավ, երբ ծավալվող իրադարձություններին միջամտեց բանակը: Այդ պահից ի վեր երկրի ղեկավարման գործում առանցքային նշանակության հարցերը համաձայնեցվում են զինված ուժերի զինվորական բարձրագույն խորհրդի հետ: