Ռուսաստանը 2013-ին արտահանել է 13.2 մլրդ ԱՄՆ դոլարի սպառազինություն

2013-ին ռուսական սպառազինության ու ռազմական տեխնիկայի արտահանումը կազմել է 13.2 մլրդ ԱՄՆ դոլար։ Սակայն այս թիվն արտացոլում է միայն «Ռոսօբորոնէքսպորտի» կողմից արտերկրի պատվիրատուներին սպառազինության տրամադրումը, իսկ ՊՆ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայությունը սպառազինության արտահանման ընդհանուր ծավալը դեռևս չի հրապարակել։

Տ-90Ս տանկը Պերուում

Տ-90Ս տանկը Պերուում

2012-ին «Ռոսօբորոնէքսպորտը» արտերկրյա պատվիրատուների հետ կնքել էր 17.6 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրեր։ Փաստորեն, 2012-ի համեմատ սպառազինության արտահանումները 4.4 մլրդ ԱՄՆ դոլարով նվազել են։

«Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը, վկայելով, որ ՌԴ-ի ներկայիս խնդիրն է սպառազինություն արտահանող երկրների շարքում պահպանել իր գրաված երկրորդ տեղը, ռուսական «Կոմերսանտ» պարբերականին ասել է, որ փոքր-ինչ գերազանցել են նախատեսված ծրագրային ցուցանիշները. 2013-ին դրանք կազմում են 13 մլրդ դոլար։ Զենք-զինամթերքը տրամադրվել է աշխարհի 60 երկրներին, որոնցից 6-ին բաժին է ընկնում ընդհանուր արտահանման 75 տոկոսը։

Ընդ որում, 2013-ին «Ռոսօբորոնէքսպորտը» 1202 պայմանագիր է կնքել, իսկ ստացած հայտերի թիվը 1902 է։

«Ռոսօբորոնէքսպորտը» առաջիկա 2-3 տարիներին ծրագրել է ռազմական նշանակության արտադրանքի արտահանման ծավալը պահել 13 մլրդ ԱՄՆ դոլարի չափով։ Իսայկինի խոսքերով՝ մոտ ժամանակներս իրենց դժվար թե հաջողվի գերազանցել վերոհիշյալ ցուցանիշը, քանի որ նոր արտադրված արդի ռազմական տեխնիկան, որն առաջին հերթին է հետաքրքրում արտերկրյա պատվիրատուին, պետք է նախ տրամադրվի ՌԴ զինված ուժերին։ Միայն ռուսաստանյան զինվորականների կարիքները հոգալուց հետո է հնարավոր ստանձնել 15 մլրդ ԱՄՆ դոլար ծավալի գերազանցման պարտավորությունը։

«Ռոսօբորոնէքսպորտի» տվյալներով՝ 2013-ին առավել մեծ պահանջարկ են վայելում Սու-30 և ՄիԳ-29 ընտանիքի կործանիչները, ինչպես նաև ուսումնամարդական Յակ-130 ինքնաթիռները։ Բացի այդ, պատվիրատուների մոտ հետաքրքրություն է նկատվում նոր մարտական Սու-35 ինքնաթիռների նկատմամբ։ Այս կործանիչները գնելու մտադրություն ունի մասնավորապես Չինաստանը, այնուհանդերձ Իսայկինը հավաստիացրել է՝ առաջիկայում խոսք չի կարող լինել պայմանագրի կնքման մասին, քանի որ ենթադրյալ պատվիրատուի պահանջները և առհասարակ նույնիսկ պայմանագրի մոտավոր արժեքը չեն քննարկվել։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *