Սուրբ Պատարագ՝ Հայոց բանակի օրվա առիթով

Հունվարի 26-ին Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռամբ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ։

Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմը, ՀԲԸՄ անդամներ:

Սուրբ Պատարագ Հայոց բանակի օրվա առիթով

Սուրբ Պատարագ Հայոց բանակի օրվա առիթով

Պատարագի ավարտին կատարվեց Հանրապետական մաղթանք, որից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաների։

Իր խոսքում Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ Հայոց բանակն իր զինվորների ու զորականների անձնվեր ծառայության շնորհիվ այսօր ապահովում է երկրի խաղաղությունը` անվրդով կյանք ստեղծելով մեր ժողովրդի ու Հայրենիքի համար: Վեհափառ Հայրապետը ՀՀ Զինված ուժերի սպասավորներին մաղթեց Տիրոջ օրհնության ներքո երկար տարիների քաջառողջ կյանք, արդյունավոր ծառայություն և նորանոր ձեռքբերումներ ի սեր Մայր Հայրենիքի և ի փառս մեր ժողովրդի:

Այնուհետև տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն: Ի գնահատություն Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Վեհափառ Հայրապետը Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի միջնորդությամբ Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով պարգևատրեց գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին, տիար Գառնիկ Հայրապետյանին, գնդապետ Դանիել Բալայանին և գնդապետ Օնիկ Գասպարյանին:

Հայրապետական սրբատառ կոնդակն ընթերցեց Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով բերում ենք Ձեզ Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները և գոհունակությամբ անդրադառնում Հայրենի մեր երկրին մատուցած Ձեր ծառայություններին: Արցախյան հերոսամարտի տարիներին հազարավոր մեր հերոս զավակների հետ միասին Դուք Ձեր կարողությունները հոգու ողջ նվիրումով ի սպաս բերեցիք մեր Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Աստվածպարգև մեր հողի ազատագրման ծանր ու երկարատև պայքարում մեր ռազմական հաջողությունները կերտվեցին Ձեզ պես հայորդիների քաջության ու անձնազոհության շնորհիվ, ովքեր արիաբար դիմակայեցին հակառակորդի բոլոր հարձակումներին և հաղթական էջեր հավելեցին մեր արդի պատմությանը:1 Զինադադարի պայմաններում Դուք շարունակում եք տարբեր պաշտոններում արդյունավոր ծառայությամբ ավանդ բերել Հայոց Բանակի զորացմանը` ի խնդիր մեր երկրի ու ժողովրդի ապահովության ու առաջընթացի: Ձեզ շնորհված բազմաթիվ պետական ու զինվորական կոչումներն ու պարգևները արժանի վկայությունն են տասնամյակների Ձեր գովարժան վաստակի»,-մասնավորապես նշված է շքանշանակիրներին շնորհված Հայրապետական կոնդակում: Այս մասին տեղեկանում են ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *