Զաքիր Հասանովը կրկին խոսել է Արցախյան հիմնախնդրից

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հունվարի 28-ին ընդունել է Ուզբեկստանի ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությանը՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին։

Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի՝ հանդիպմանը ներկա էին նաև Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովը, Ուզբեկստանի ՊՆ սպառազինության գծով գլխավոր վարչության պետ, գնդապետ Աթաբեկ Իբադուլլաևը, Ադրբեջանում Ուզբեկստանի դեսպան Շերզոդ Ֆայզիևը։

Հերթական անգամ բնորոշելով Արցախյան հակամարտությունը որպես «տարածաշրջանի համար հիմնական սպառնալիք»՝ Հասանովն այնուհանդերձ հավատարիմ է մնացել պաշտոնավարման սկզբից որդեգրած դիվանագիտությանը՝ շեշտելով. «հակամարտության լուծումը հնարավոր է միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի բանաձևերի շրջանակներում», խուսափելով ռազմատենչ ձևակերպումներից։

Սակայն այս անգամ, կարծում ենք թերևս շաբաթվա ընթացքում սահմանին լարված իրավիճակի պատճառով, Հասանովն ակնարկել է ռազմական հնարավոր լուծման տարբերակի մասին՝ ընդգծելով. «Ադրբեջանի ԶՈւ անձնակազմը պատրաստ է ցանկացած պահի պատերազմելու»։

Հանդիպմանը քննարկվել են նաև Ուզբեկստանի և Ադրբեջանի ռազմական համագործակցության հեռանկարները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *