Եվլախում ինքնահրկիզված ադրբեջանցի վետերանի վիճակը ծանր է

Հունվարի 27-ին Ադրբեջանի Եվլախ քաղաքում իրեն հատկացված նպաստները չստանալու պատճառով ինքնահրկիզում կատարած վետերան Նիզամի Քերիմովի վիճակը ծանր է։ Նրան տեղափոխել են Բաքվի N5 կլինիկականհիվանդանոցի այրվածքների բաժնի վերակենդանացման բաժանմունք։

Ադրբեջանական haqqin.az կայքի փոխանցմամբ՝ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Կայքին հաջողվել է նաև պարզել, որ Քերիմովը 2-րդ կարգի հաշմանդամ է, ունի 3 երեխա, նրանից պահանջել են մեծ գումարի չափով կաշառք, որպեսզի տրամադրեն օրենքով հատկացվող նպաստը։

Հիշեցնենք, որ սա վերջին շրջանում Ադրբեջանում վետերանի ինքնահրկիզման երկրորդ դեպքն է։ 2013-ի դեկտեմբերի 25-ին Բաքվի կենտրոնում ինքնահրկիզում կատարած Զաուր Հասանովի մահվան արդյունքում Ադրբեջանում ցույցերի ալիք էր բարձրացել։ Մինչ օրս էլ Ադրբեջանում զգալի է այս հարցերի շրջանակներում հասարակական ակտիվություն, բացի այդ էլ հետզհետե վերհանվում են վետերանների խնդիրները, որոնք տևական ժամանակ լուծում չեն ստանում։ Փետրվարի 8-ին ևս Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերանները բողոքի ցույց են նախատեսել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *