Սինայի թերակղզու հյուսիսում օրերս իսլամիստ զինյալները «մակերևույթ-օդ» հրթիռով խոցել են ու վայր գցել Եգիպտոսի զինված ուժերի ուղղաթիռը: Ուղղաթիռում, որի մակնիշը չի նշվում, եղել է 5 զինծառայող, բոլորը զոհվել են, տեղեկացնում է ամերիկյան «Նյու Յորք Թայմս» պարբերականը։
Ուղղաթիռը ոչնչացնելու պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Անսար Բեիթ ալ Մաքդիս» իսլամիստական կազմակերպությունը, որը սերտ կապեր ունի «ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ։
Իլսամիստները տեսանկարահանել են ուղղաթիռը խոցելու, ապա նաև նրա վայր ընկնելու պահը։ Ենթադրվում է, որ եգիպտական ուղղաթիռի վրա կրակ է արձակվել Ստրելա-2 շարժական զենիթահրթիռային համալիրով։
Հիշեցնենք, որ ներկայում Եգիպտոսում փաստացի իշխանությունը զինվորականների ձեռքում է։ 2013-ի հուլիսի սկզբին նրանք գահընկեց են արել գործող նախագահ Մուհամմեդ Մուրսիին՝ վերջինիս դեմ ուղղված մի շարք ցույցերից հետո։ Այս ամենից հետո ցույցեր են սկսել նաև Մուրսիի կողմնակիցները։
Այս լարված իրավիճակի ֆոնին Սինա թերակղզում աստիճանաբար կենտրոնացել են Մուրսիի համակիրների ուժերը, ինչպես նաև ակտիվացել են իսլամիստական խմբավորումները, որոնք վերջին ամիսներին հարձակումներ են գործում եգիպտացի զինծառայողների ու ոստիկանների վրա։
<iframe width=”460″ height=”259″ src=”//www.youtube.com/embed/52FSbORUEp8″ frameborder=”0″ allowfullscreen></iframe>