ՌԴ կառավարությունը հաստատել է Հայաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագիրը

ՌԴ կառավարության օրինագծային հանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի և Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի վավերացմանը վերաբերող օրինագիծը։ Պայմանագիրը կնքվել էր 2013-ի հունիսի 25-ին Երևանում։

102-րդ ռազմաբազա

Նախատեսված է նաև, որ առաջիկայում փաստաթղթի վավերացումը կքննարկվի ՌԴ կառավարության նիստում, ապա այն կդրվի խորհրդարանի վավերացմանը։ Պայմանագիրը ենթադրում է կողմերի փոխգործակցությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ստեղծման, արտադրման, շահագործման, վերանորոգման, արդիականացման, կիրառման ժամկետների երկարաձգման, ինչպես նաև ոչնչացման ոլորտներում։ Օրինագծում շեշտված է, որ ռազմական նշանակության արտադրանքի փոխանցումը մի երկրի տարածքից մյուսն իրականացվելու է ոչ թե հատուկ վավերագրերի կամ որոշումների ընդունման, այլ կողմերի լիազոր մարմինների կողմից տրվող դուրսգրման փաստաթղթերի միջոցով։

Ընդ որում, օրինագիծը հնարավորություն է տալիս առանձին պայմանագրեր կնքել ոչ միայն ռազմատեխնիկական համագործակցության սուբյեկտ-կազմակերպությունների, այլև այն ընկերությունների հետ, որոնք ռազմական նշանակության արտադրանքի արտաքին առևտրի իրավասություն չունեն։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարի 17-ին հայտնի էր դարձել՝ Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմակայանի բաղադրիչ Էրեբունի օդանավակայանում օկրուգի հրամանատարությունը կազմավորում է Մի-24Պ, Մի-8ՄՏ, Մի-8ՍՄՎ ուղղաթիռների էսկադրիլիա։ Պլանով նախատեսված բոլոր  ուղղաթիռների տրամադրումն Էրեբունի օդակայանին նախատեսված է ավարտել ընթացիկ տարում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *