Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 2014-ի մայիս-հունիս ամիսներին պլանավորում է վերականգնել Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումները, որի նախորդ արձակումները անհաջողության էին մատնվել: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան Կոմերսանտ թերթը՝ հղում անելով ՌԴ ռազմածովային ուժերի իր աղբյուրներին:
Բուլավա (ռուս.՝ Булава) հրթիռի վերջին ձախողումն արձանագրվել է 2013-ի սեպտեմբերի վեցին՝ Ալեքսանդր Նևսկի ատոմային սուզանավի վրայից արձակման ժամանակ, ինչից հետո ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել է դադարեցնել փորձարկման բոլոր աշխատանքները՝ մինչ հրթիռներում առկա թերությունների հայտնաբերումը: Այժմ թվով հինգ հրթիռ վերադարձվել է գործարան՝ լրացուցիչ հեռահաղորդակցման համակարգով ապահովելու համար, ինչը հնարավորություն կտա հսկել հրթիռի թռիչքի ողջ ընթացքը:
Ինչ վերաբերում է հրթիռի սեպտեմբերյան անհաջող արձակման պատճառներին, ծովակալ Վիկտոր Չիրկովի գլխավորությամբ հետաքննությունն իրականացնող հանձնաժողովն իր եզրակացությունում նշել է, որ դրա պատճառը եղել է գործարանային խոտանը:
Նշենք, որ 2004-ից ի վեր Ռուսաստանում ընդհանուր առմամբ արտադրվել է 46 Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ: Փորձարկումների փուլում արձակվել է դրանցից 19-ը, սակայն հրթիռի յոթ արձակում անհաջողության է մատնվել: Փորձարկման արձակումներն անցկացվում են Ալեքսանդր Նևսկի և Վլադիմիր Մոնոմախ ատոմային սուզանավերից:
Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նախագծման աշխատանքները տարվում են դեռևս 1998-ից՝ մոսկովյան այն նույն ինստիտուտում, որտեղ նախագծվել է ցամաքային տեղակայման Տոպոլ-Մ (ռուս.՝ Тополь-М) միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Բուլավան նախատեսված է մինչև 8000 կմ հեռավորության վրա հակառակորդին միջուկային հարվածներ հասցնելու համար: