Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Հաբիբ Բահթիյար օղլու Իսմայիլովը հրազենային վնասվածք է ստացել առաջնագծում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության վարկածով՝ զինծառայողն անգուշությամբ ինքն իրեն կրակել է իրեն ամրակցված ինքնաձիգից։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ոտքից վիրավոր զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ։ Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։
Հայտնի է, որ նա զորակոչվել էր Դաշքեսանի շրջանից։
Նկատենք, որ հունվարի 19-ին ադրբեջանցիների ձախողված դիվերսիայից հետո Ադրբեջանի ՊՆ-ն կտրականապես հերքում էր, որ առաջնագծում զոհ ու վիրավոր ունի, մինչդեռ ՀՀ ՊՆ տվյալներով՝ Ադրբեջանն այդ օրն ունեցել է վիրավորներ և նվազագույնը 2 սպանված։ Փոխարենը, հունվարի 19-ից ի վեր Ադրբեջանը միջոցներ է փնտրում կոծկած կորուստները վերհանելու՝ ապատեղեկատվություն տարածելով «հայկական դիվերսիաիների մասին» և վիրավոր զինծառայողների միջադեպերը ներկայացնելով որպես «ոչ մարտական պայմաններում արձանագրված վիրավորներ»։ Ըստ այդ, հունվարի 19-ից մինչ օրս Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է 7 զինծառայողի վիրավորվելու փաստը։