Եվ որտե՞ղ են հեղաշրջումների սիրահար թուրք գեներալները

1960 թվականի մայիսի 26, 1971 թվականի մարտի 9, 1980 թվականի սեպտեմբերի 12, 1997 թվականի փետրվարի 28։ Սրանք տարեթվեր են, որոնք փոխել են մերօրյա Թուրքիան։ Ավելի հստակ՝ սրանք հեղաշրջումներ են, որոնց ժամանակ թուրքական կառավարություններ են հեռացվել, քաղաքականություն է փոխվել, նոր աշխարհայացք ու կենսակերպ ձևավորվել։ Հեղաշրջումների կամ հեղաշրջումների փորձերի հիմնական մասի նպատակը եղել է իսլամամետ քաղաքական ուժերի հեռացումն իշխանությունից, իսկ այն, որ զինվորականները թուրքական աշխարհիկության հիմքն են, հայտնի փաստ է։ Այս ավանդույթը ստեղծվել է դեռ Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կառավարման տարիներին (1923-1938 թթ), իսկ հետագայում միայն վերահաստատվել և ավելի խորացել:

Էրդողանը՝ գեներալների ուղեկցությամբ

Էրդողանը՝ գեներալների ուղեկցությամբ

1960 թվականին սկիզբ դրվեց Թուրքիայի հեղաշրջումների ավանդույթին։ Թվով 37 ոչ բարձրաստիճան սպաներ (այդ թվում՝ հայտնի թուրք ազգայնական Ալփարսլան Թյուրքեշը) իշխանությունը վերցրին իրենց  ձեռքը՝ վերջ տալով «Դեմոկրատական» կուսակցության 10-ամյա իշխանությանը՝ այն համարելով Թուրքիայի աշխարհիկ քեմալական հիմքերի դեմ ուղղված սպառնալիք։ Զինվորականների որոշմամբ վարչապետ Ադնան Մենդերեսը կախաղան բարձրացվեց։

Թուրքական զինվորականությունը 11 տարի անց կրկին միջամտեց երկրի ներքին քաղաքականությանը:Սա արդեն 1971 թվականն էր։

Իսկ ահա ամենադաժան հեղաշրջումը դեռ առջևում էր։ 1980 թվականի մարտի 12-ին փողոցներում տանկեր հայտնվեցին, Սուլեյման Դեմիրելի կառավարությունը հեռացվեց, որից հետո սկսվեցին այլախոհների ձերբակալությունները, խոշտանգումներ, լրատվամիջոցների փակումը, մեկ խոսքով՝ բռնաճնշումների մի հզոր ալիք։ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենը, ով էլ գլխավորում էր հեղաշրջումը, դարձավ երկրի նախագահ և այդ պաշտոնում մնաց 2 տարի։ 1982 թվականին ընդունվեց սահմանադրությունը, որը գործում է մինչ օրս և որը վաղուց հնացած են համարում ինչպես թուրքերը, այնպես էլ միջազգային հանրությունը։ Թեև սահմանադրությունը, որն ընդունվել է ռազմական հեղաշրջման արդյունքներով և դրա տրամաբանությամբ, հետագայում որոշակի փոփոխությունների է ենթարկվել, սակայն այն լուրջ դժգոհություն է առաջացնում Թուրքիայում և ներկայում փորձեր են արվում նոր սահմանադրություն ստեղծել:

Եվ ահա այս ամենից 17 տարի անց՝ 1997 թվականին, Թուրքիայում կայացավ «թավշյա հեղաշրջում»։ Այս անգամ թուրք գեներալները փոխեցին Նեջմեթին Էրբաքանի իսլամամետ կառավարությունն առանց բռնության՝ կոչ անելով նրան խաղաղությամբ բաժանվելու զբաղեցրած պաշտոնից՝ չկիսելով նրա քաղաքական հայացքները։

Իսկ ահա սա մերօրյա Թուրքիայի դեռևս վերջին հեղաշրջումն է։ Իսկ վերջին տարիներին ավելի հաճախ խոսվել է հեղաշրջման փորձերի մասին, օրինակ, «Էրգենեքոն», «Բալյոզ»։

Առավել հայտնի է «Էրգենեքոն» թուրքական ազգայնամոլական խմբավորման գործը, որի շարքերում էին զինվորականներ, հատուկ ծառայությունների աշխատակիցներ, լրագրողներ, գիտնականներ։ Կազմակերպության նպատակն էր Թուրքիայում իշխանության զավթումը և քեմալական հիմքերի առավել ամրապնդումն ու պահպանումը։ Այս գործն արդեն երկար տարիներ ընթանում է, ուղեկցվում զանգվածային ձերբկալություններով, իսկ Էրդողանի հակառակորդները հայտարարում են, թե այս ամենի միջոցով նա թուլացնում է ընդդիմության և զինվորականությունը:

Իսկ ահա առավել հետաքրքիր էր բացահայտումները «Բալյոզ» (Մեծ մուրճ) հեղաշրջման գործով, որի մանրամասներից պարզ է դառնում, թե ինչ ծրագրով էր թուրքական սպայակույտը պատրաստվում հեռացնել Թայիփ Էրդողանի իսլամամետ կառավարությունը։ 2003-ի նախագիծը ենթադրում էր ստեղծել քաոսային իրավիճակ Թուրքիայում, ապա ցույց տալ, որ երկրի կառավարությունն ունակ չէ ղեկավարել երկիրը, ինչին էլ հետևելու էր նրա չեզոքացումը։

Հետաքրքիր էր նաև քաոս ստեղծելու սխեման՝ նախ պայթեցվելու էր երկու խոշոր մզկիթ Ստամբուլում, Էգեյան ծովում թուրքական կործանիչ էր վայր գցվելու՝ նշելով, թե մեղավորը Հունաստանն է, որի դեմ իբր պատերազմ է սկսվում, մի քանի այլ սադրանքներ էլ էին նախատեսվում։ Արդյունքը`քաոս ու խուճապ:

Այս ամենը լավագույնս ցուցադրում է, թե թուրք գեներալներն ինչ սխեմայով են փորձում հեռացնել կառավարությունը, այն է՝ ստեղծում են խառնակ իրավիճակ, հեղինակազերծում են կառավարությունը կամ այն ղեկավարելու ոչ ունակ ներկայացնում, ապա չեզոքացնում և ժամանակավոր տիրում իշխանությանը մինչ իրենց հարմար թեկնածուների ընտրությունը։

Առաջին հայացքից գրեթե նմանատիպ պատկեր էր Էրդողանի կառավարության դեմ վերջին շաբաթներին տարվող ակցիան։ Դեկտեմբերի 16-17-ին հիմնականում Ստամբուլում ընթացան ձերբակալություններ, որոնք կապված էին խոշոր կոռուպցիոն գործողությունների հետ։ Ձերբակալվածների թիվն անցնում էր 5 տասնյակը, իսկ նրանց թվում էին Թուրքիայի ներքին գործերի, քաղաքաշինության և էկոնոմիկայի նախարարների որդիները։ Կոռուպցիոն սկանդալում շրջանառվում էին նաև մի շարք նախարարների, անգամ Էրդողանի որդու՝ Բիլալի, մեծ թվով  հայտնի գործարարների անուններ։

Իհարկե, Էրդողանի կառավարության համար սա լուրջ ցնցում էր, վերջինս ստիպված էր փոխել 10 նախարարի, փորձել արդարանալ, ներքին և արտաքին թշնամիներ փնտրել։ Իսկ 2014-ին Թուրքիայում նախ տեղական ինքնակառավարման մարմինների, ապա նաև պատմական նախագահական ընտրություններ են (առաջին անգամ Թուրքիայում քաղաքացիներն են ընտրելու նախագահին, իսկ Էրդողանն այս հաշվով մեծ հույսեր ունի)։

Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության համար առաջիկա ընտրությունները լուրջ փորձություն է, քանի որ իշխող ուժն ընտրության է գնալու առանց քարոզիչ, մուսուլման աստվածաբան Ֆեթհուլլահ Գյուլենի և նրա կողմնակիցների հզոր աջակցության։ Իսկ Գյուլենի դերը Թուրքիայում հսկայական է, հայտնի է, որ հենց նա է կանգնած Էրդողանի կառավարության դեմ գործողությունների հետևում՝ դժգոհ լինելով իր նախկին դաշնակցի վերջին շրջանի քաղաքականությունից ու հատկապես գյուլենական դպրոցները փակելու նախաձեռնությունից։

Եվ այստեղ է ստեղծված իրավիճակի ամբողջ հետաքրքրությունը։ Էրդողանի կառավարության դեմ ռազմական հեղաշրջումներին բնորոշ ձևով գործում է մի անձ, ով հենց 1997-ի հեղաշրջումից հետո է լքել Թուրքիան և ով ինքնին թուրքական աշխարհիկության հիմնասյան՝ զինվորականների թիրախում է իր հիմնադրած շարժումով։

Հիմա հարց է առաջանում, թե ու՞ր են թուրք գեներալները։ Չէ որ սա նրանց համար հարմար պահ է հաշիվները մաքրելու այդքան ատելի Էրդողանից, ով ի վերջո կարողացավ կրճատել նրանց հավակնությունները երկրի ներքին ու արտաքին քաղաքական կյանքում։

Արդյո՞ք Էրդողանի կառավարությունը կարողացել է վերջնականապես նրանց հեռացնել ներքին քաղաքականությունից, թուլացնել հարյուրավոր ձերբակալություններով, մեղադրանքներով, օրենսդրական փոփոխություններով։

Թե՞ նրանք դեռ սպասում են իրադարձությունների բնական զարգացմանը, սպասում էլ ավելի հարմար պահի։

Միգուցե ուղղակի դիտում են, թե իրենց փոխարեն ինչպես է գործում վաղեմի հակառակորդ Գյուլեն հոջաէֆենդին։

Այս հարցերի պատասխանը լավագույնս կտա ժամանակը։ Սակայն նախանշանները ցույց են տալիս, որ Էրդողանի ջանքերն արդյունք տվել են, զինվորականները քաղաքականության տեսանկյունից կրավորական դիրք են զբաղեցրել, և եթե նախկինում նման հարմար առիթը նրանք բաց չէին թողնի, ապա այժմ միայն հանդիսականի դերում են հետևում դեպքերի զարգացմանը։

Ի վերջո, պարադոքսալ Թուրքիայում բացառել պետք չէ ոչինչ, միգուցե թուլացած գեներալների փոխարեն փորձեն երիտասարդ սպաները: Իսկ նման փորձ, ինչպես վերը նշել ենք, Թուրքիայի Հանրապետության հեղաշրջումներով հարուստ պատմությունում եղել է:

 Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *