«21 անգամ Ադրբեջանի տարածք եմ մտել հետախուզության, որից 13-ը հեռավոր ռեյդեր են եղել». ՄԱՍ 1

Արցախյան ազատամարտի սկզբնական շրջանում ձևավորվեց կենտրոնական հրամանատարությանը ենթարկվող առաջին հետախուզական-դիվերսիոն ջոկատը։ Razm.info-ի զրուցակիցն է այդ  ջոկատի հիմնադիր և հրամանատար Վլադիմիր Վարտանովը։ Նա  իր մարտական ուղին պայմանականորեն բաժանում է երկու փուլի. Ադրբեջանի շրջաններից հայերի դուրս բերում, իսկ այնուհետև՝ արդեն պատերազմի տարիներին՝ հետախուզական ու դիվերսիոն գործողություններ։ 1984–1986թթ. նա ծառայել էր ԽՍՀՄ ԳՇ գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) հատուկ նշանակության 12-րդ բրիգադում։ Ծառայության ընթացքում մի քանի անգամ գործուղվել է Սիրիա, Աֆղանստան, բազմիցս մասնակցել է Վրաստանի ու Ադրբեջանի տարածքում անցկացված զորախաղերի, ինչը հնարավորություն է տվել լավ ծանոթանալ այդ տեղանքին։ 1989-ից սկսած՝ քսանմեկ անգամ Ադրբեջանի տարածք է մտել հետախուզության, որոնցից տասներեքը հեռավոր ռեյդեր են եղել։

— 1988-ի շարժումը ոգևորեց հայերին, բայց Սումգայիթը ստիպեց մտածել Ադրբեջանի տարածքում բնակվող հայերին դուրս բերելու մասին։ Հայերի առաջին խումբը որ հանեցինք, Ադրբեջանի ու Դաղստանի սահմանին գտնվող Զաքաթալայից էր։ Այդ հարցում մեզ` ինձ ու Արտակ Բագրատյանին («Գայլուկ»), շատ օգնեցին ավարներն ու լեզգինները, թե չէ ավելի դժվար կլիներ։ Տեղի հայերին նախապես իմաց էինք տալիս մեր գնալու մասին, հավաքվում էին 10-15 հոգով, հավաքում ամենաանհրաժեշտ իրերը։ Գնում էինք «Իկարուսներով», նրանց վերցնում և վերադառնում։ Ավտոբուսների տրամադրման հարցում մեզ շատ օգնեց Երևանի միջքաղաքային 5-րդ պարկի տնօրենը։ Իմանալով ինչի համար են պետք մեքենաները՝ վառելիքն էլ հետը տրամադրեց։ Եղել է, որ մենք մեքենայով ավտոբուսի դիմացից ենք գնացել, ստուգել ճանապարհները։ Պատահել է նաև, որ վերադարձել ենք ավելի երկար, բայց անվտանգ ճանապարհներով։

Զաքաթալայից որոշ հայ ընտանիքներ սեփական ուժերով արդեն դուրս էին եկել, սակայն մի մասը գերադասել էր մնալ, քանի որ այդ հատվածում թուրքը բավական թույլ էր, իսկ ավարներն ու լեզգինները շատ էին, ու հայերն իրենց ավելի ապահով էին զգում։ Այդ ամբողջ շրջանում միայն մեկ հայ էր սպանվել. բուժքույր էր, որին կենդանի այրել էին մեքենայի մեջ։ Սպանողն այդ դեպքից հետո իրենց շրջանի ադրբեջանցիների մոտ մեծ հեղինակություն էր ձեռք բերել, բայց տարի չանցած «անհետ կորավ»։

— Քանի՞ հոգու կարողացաք դուրս բերել Ադրբեջանից։

— Զաքաթալայից, Մինգեչաուրից հինգ «Իկարուս» ենք հանել։ Ամեն ավտոբուսով 15–20 հոգի էինք բերում ու նրանց որոշ իրեր։ Մեր ծրագրի համաձայն, եթե հետդարձի ճանապարհին խնդիր լիներ՝ մենք պիտի հարձակվեինք ադրբեջանցի ոստիկանների վրա, իսկ ավտոբուսը չէր կանգնելու, շարունակելու էր ճանապարհը։

Այդ տարիներին, հայերին Ադրբեջանից դուրս բերելուց բացի, պետք էր մտածել նաև թուրքերին Հայաստանից անվտանգ տեղափոխելու մասին. կոնտեյներներ էինք ճարում ու Հայաստանի հյուսիսից էվակուացնում ադրբեջանցիներին։ Ամեն ինչ արել ենք, որ կրակոցներ ու տուժողներ չլինեն։ Կար մի հստակ միտք. «մենք թուրք չենք ու խնդիրները լուծելու ենք առանց մարդկային զոհերի», ադրբեջանցիները պետք է ապահով դուրս գային Հայաստանից։

Հետաքրքրական է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը աշխատում էր հայերին անվտանգ դուրս բերել, բայց տեղական իշխանությունները փորձում էին վնասել։

— Ինչո՞ւ եք կարծում, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը  չեզոք էր։

— Նրանք խորհրդային պետական չինովնիկներ էին, որոնց համար կարևորը ոչ թե ազգային պատկանելությունն էր, այլ Մոսկվային խոնարհությամբ ենթարկվելը ու «Սիբիրում չհայտնվելը»։ Նույնիսկ խնդրում էին զինվորականներին, որ ուղեկցեն մեկնող հայերին։

1989թ. դեկտեմբերին Վանո Սիրադեղյանն ու Սամվել Շահինյանն առաջարկեցին հետախույզ-դիվերսանտների ջոկատ ստեղծել։ Սկսեցինք հավաքագրել սպեցնազում ծառայած տղաների։ Գտա 96 մարդ, նրանցից 16–17-ը պատրաստ էին կռվել, հինգը՝ ընդգրկվեցին հետախուզական ջոկատում։ Մեր ջոկատն այդպես էլ անուն չունեցավ, բայց պայմանականորեն անվանենք «Հատուկ նշանակության խումբ» (ՀՆԽ)։ Սամվել Շահինյանի առաջարկով ստեղծեցինք նաև «Խալդի» ջոկատը, որի կազմում ընդգրկվեցին Արարատ Դանիելյանը, ՀՆԽ մարտիկները և ուրիշ տղաներ էլ։ «Խալդին» մարտական գործողությունների չէր մասնակցում և իր ստեղծման նպատակը մեր հետախուզական-դիվերսիոն գործունեությունը քողարկելն էր։ Բայց «Խալդիի» տղաները չուզեցին լինել ձևական ջոկատ և որոշ ժամանակ անց այն դարձավ մարտական։ Իսկ մենք շարունակեցինք հետախուզական մեր գործը` ես, Արտակ Բագրատյանը («Գայլուկ»), Վարդան Աղաջանյանը, Կարեն Գևորգյանը (զոհվեց Խոջալուի օպերացիայի ժամանակ), Արշակ Սարուխանյանը (զոհվեց 91 կամ 92 թվականին մի գործողությունից առաջ՝ զենքի ստուգման ժամանակ), Վաղինակ Զաքարյանը (զոհվեց Բերդաձորում 1990թ. նոյեմբերին. Ղարաբաղում զոհված ՀՀ առաջին քաղաքացին էր, միակ մարդն էր, ում դիակի հետևից Վազգեն Սարգսյանն անձամբ է գնացել Ղարաբաղ), Վարդան Ենոքյանը (վիրավորվեց գլխից` 1990 թ.-ի օգոստոսին)։

Այսպիսով, մինչև 1992-ի վերջը ՀՆԽ-ում էի, որն այդ ժամանակ, ինչպես արդեն ասացի, կենտրոնական հրամանատարությանը ենթարկվող միակ հետախուզական ջոկատն էր Հայաստանում։

Պատերազմի սկզբում Գևորգ Բաղդասարյանն ու Սամվել Շահինյանը կոորդինացնում էին աշխատանքը հյուսիսում։ Հրամանատարը Շահինյանն էր, իսկ ինձ կցեցին Բադասարյանին` որպես պարտիզանական մեթոդների ու ժամանակակից պատերազմ վարելու մասնագետ։ Շրջում էինք գյուղերով ու սովորեցնում` որտեղ դիրքավորվել, որտեղ խրամատ փորել, որտեղ կեղծ դիրք ստեղծել։ Դա ժամանակ էր, երբ սահմանամերձ գյուղերի ինքնապաշտանական խմբերը սահմաններին դիրքեր էին ստեղծում, որպեսզի պաշտպանվեն ադրբեջանցիների հարձակումներից. թուրքերը անասուն էին գողանում, եղել են նաև մարդկանց առևանգելու ու փրկագին պահանջելու դեպքեր։ Հայաստանին սահմանամերձ ադրբեջանական գյուղերի բնակիչները հատկապես ակտիվանում էին, երբ Բաքվից «դեսանտ էր իջնում»։  Բայց ունենալով բանակային ընկերներ Վրաստանում և Ադրբեջանում՝ կարողանում էինք նախապես իմանալ ադրբեջանցի ակտիվիստների գալու մասին ու նախապատրաստվել։

—Պարոն Վարտանով, այդ տարիներին ինչպիսին էր հայկական ու ադրբեջանական կողմերի ռազմական բալանսը։

—Ինչպես գիտեք` ադրբեջանցիների կողմից կռվում էր 10.000-անոց ՕՄՕՆ-ը («Отряд милиции особого назначения», Razm.info), որը ստեղծվել էր 1988թ.։ Դրա կազմում ընդգրկվել էին նաև դատապարտվածներ։ Հայաստանում 1990թ. օգոստոսին գնդապետ Առաքելյանի հրամանատարությամբ ստեղծվեց ՆԳՆ գունդը և միլիցիայի հատուկ օպերատիվ ջոկատը (ՄՀՕՋ)։ Այդ երկուսում ընդգրկված էր 1000–1200 հոգի։

ՕՄՕՆ-ից բացի Ադրբեջանում տեղակայված էր խորհրդային 4-րդ բանակը, մեր մոտ՝ 7-րդ բանակը։ Բայց երբևէ չի եղել, որ 7-րդ բանակը մեր կողմից կրակի այն կողմ։ Իսկ 4-րդ բանակը հստակ նրանց կողմից էր կռվում՝ մեզ համարելով անջատողական ուժ։ Անգամ աչք փակեցին Բաքվում հայերի կոտորածի վրա, մինչև այն պահը, երբ ադրբեջանցիները հայերին կոտորելուց հետո չփորձեցին իշխանություն վերցնել։ Նոր միայն խորհրդային բանակը միջամտեց։ Ռուսական բանակի աջակցությունն ադրբեջանցիներին չի էլ թաքցվում։ Օրինակ՝ ռուսական օդադեսանտային զորքերի ներկա հրամանատար Վլադիմիր Շամանովն այն ժամանակ ակտիվ կռվում էր Ադրբեջանի կողմից ու իր կենսագրականում այդ մասը շատ հստակ նշվում է։

Ինչ վերաբերում է սպառազինությանը` մենք եղել ենք իրենցից շատ ավելի քիչ, շատ ավելի վատ զինված։ Երբ առաջին անգամ մտանք Ադրբեջան դիվերսիայի, ունեինք  միայն մեկ «Տոզ» տիպի և  փողերը կտրած մի քանի որսորդական հրացան, որոնց արդյունավետությունն անգամ  փոքր հեռավորության վրա կասկածելի էր։ Իսկ ադրբեջանցիները զինված էին ՕՄՕՆ-ին հատկացվող մարտական զենքով։

Մեր առաջին պատժիչ գործողությունը հենց որսորդական զենքի պատճառով անհաջողության մատնվեց։ Այդ ժամանակ նպատակ էինք դրել հայտնի սրիկա Ասադովին բերել Հայաստան ու դատել։ Ասադովը Թովուզի շրջանի առաջին քարտուղարն էր, ով 1987թ. հայաթափել էր Չարդախլու գյուղը, ծեծել ու ձերբակալել էր հայ տղամարդկանց։  Ես պիտի Ասադովի մեքենայի վրա կրակելու հրամանը տայի։ Մինչ այդ ճանապարհին քարեր էինք շարել, որ կրակելուց հետո մեքենան կանգներ, և մենք Ասադովին վերցնեինք ու վերադառնայինք Հայաստան։ Բայց նրա մեքենան շատ արագ անցավ այդ հատվածով, իսկ ես կրակելու հրաման չտվեցի, որովհետև այդ արագության դեպքում հաստատ չէինք կպնի, բայց կվտանգեինք մեր կյանքը։ Դա 1990թ. հունվարի կեսերն էր երևի։

Այդ անհաջողությունից հետո մի հաջողված գործողություն ունեցանք։ Շամշադինի և Իջևանի միջև մի սար կա, որը տեղացիներն անվանում էին Բարձրասար: Այդտեղից թուրքերը ճանապարհի շուրջ 800 մետրը կրակի տակ էին պահում։ Որոշեցինք երեք հոգով սարը վերցնել, քանի որ այդ բարձունքից ցանկացած պահի, ցանկացած մեքենայի կարող էին խփել։ Ինձ հետ էր «Խալդի» ջոկատի հրամանատար Արարատ Դանիելյանը և Վարդան Աղաջանյանը։ Մեկ օր հետևեցինք ու տեսանք, որ սարը հսկողները իջնում են ճաշելու։ Արոն առաջարկեց դարանել, ադրբեջանցիներին գերեվարել ու դիրքը վերցնել։ Բայց հաջորդ օրը պարզ դարձավ, որ ճաշի ժամին 12 ադրբեջանցիներն էլ իջնում են ճաշելու։ Պահը բաց չթողեցինք ու երեքով բարձրացանք սար` գրավելով այն։ Երբ նրանք վերադարձան, մենք արդեն դիրքում էինք ու սկսեցինք կրակել նրանց ոտքերի տակ, քանի որ սպանելու նպատակ չունեինք, որ հետո ավելորդ պատմություններ չլինեին։ Մի 20–30 կրակոցից հետո իրենք հեռացան ու դիրքը մնաց մեզ՝ մինչև 1997թ., երբ նույն «սցենարով» նրանք գրավեցինք այդ բարձունքը, ընդ որում մեր կողմից մեկ զոհ ու մեկ վիրավոր եղավ։ Հիմա այդ դիրքը խաղաղ է, քանի որ դիմացը մեր դիրքերն են ու կրակի դեպքում փոխհրաձգություն կարող է լինել, սակայն մեր ճանապարհի այդ հատվածը նրանց վերահսկում են։

—Ինչպե՞ս սկսվեց աշխատանքը կանոնավոր պաշտպանության համակարգ ստեղծելու ուղղությամբ։

— Իրավիճակի զարգացումը համակարգված մոտեցում էր պահանջում։ Կային ոչ կանոնավոր ու ոչ ոքի չենթարկվող զինված խմբեր, որոնց մի մասը ոչ էլ մասնակցում էր մարտական գործողություններին։ Ինչ-որ պահից հյուսիսում սկսեցինք զինաթափել այդպիսի խմբերը, իսկ 1990թ. ամռանը Դիլիջանում հիմնեցինք «Վահրամ Պահլավունի» ջոկատը։ Որպես հետախույզ մեզ միացավ իմ սաներից մեկը՝ Էնֆիաջյան Էդիկը։ Տարբեր վայրերում հենակետեր էինք հիմնում, «զեմլյանկաներ» փորում, կրակակետեր պատրաստում։ «Վահրամ Պահլավունին» ապահովում էր նաև մեր հետախուզական խմբի՝ թշնամու թիկունք մտնել-դուրս գալը։ Քանի որ մինչ այդ եղել էին դեպքեր, երբ հետախուզությունից վերադառնալուց, մեր ժամապահները կրակել էին մեր վրա։ Կամ էլ մինչև լուսաբաց բանակցել ենք, իսկ այդ ընթացքում թուրքը հասկացել է, որ իր թիկունքից ենք վերադառնում։ Մյուս կողմից նախօրոք չէինք կարող զգուշացնել ժամապահներին, տեղեկությունների արտահոսք թույլ չտալու համար։ «Վահրամ Պահլավունու» ստեղծմամբ այդ հարցը լուծվեց. մեր հետախուզական գործողությունների ժամանակ ջոկատի տղաները դիրքերում փոխարինում էին տեղական ինքնապաշտպանության մարտիկներին, ու մենք հանգիստ մտնում էինք Հայաստան։

3 responses to “«21 անգամ Ադրբեջանի տարածք եմ մտել հետախուզության, որից 13-ը հեռավոր ռեյդեր են եղել». ՄԱՍ 1

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *