Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունվարի 19-25

Թուրքական զինուժը շարունակում է կորցնել օդաչուներին, ռուսաստանցիներն ապօրինի հատել են թուրք-սիրիական սահմանը, Քաթարը թուրքական ընկերությունից պարեկային մոտորանավակներ է գնել։

MRTP-34. Քաթարի ՌԾՈւ։ Լուսանկարը՝ Jane's

MRTP-34. Քաթարի ՌԾՈւ։ Լուսանկարը՝ Jane’s

” Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի 2014 թվականի առաջին շաբաթներին թուրքական օդուժից հեռացել է 47 օդաչու։ Տեղեկությունը հաստատել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը։ Վերջինս հավելել է, որ վերջին երկու տարիներին Թուրքիայի ռազմաօդային ուժերի շարքերն ընդհանուր առմամբ լքել է շուրջ 300 օդաչու։ Այս ամենը խնդիրներ է առաջացրել թուրքական զինուժի համար, ով ներկայում F-16 և F-4 մարտական ինքնաթիռների օդաչուների պակաս է զգում։

” Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացիների, ովքեր Սիրիայից փորձել են Թուրքիայի տարածք անցնել։ Ներկայիս Թուրքիայի Հաթայ նահանգի (Ալեքսանդրետ) սահմանային հենակետերից մեկի զինծառայողները հունվարի 21-ին թուրք-սիրիական սահմանը խախտելու համար ՌԴ քաղաքացի 2 տղամարդու են ձերբակալել, որոնց մոտ եղել է ատրճանակ և մի քանի բջջային հեռախոս։

” Թուրքիան կրկին կործանիչներ է օդ բարձրացրել, երբ Սիրիայի օդուժի ինքնաթիռը թուրք-սիրիական սահմանի մոտակայքում թռիչքներ է կատարել։Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները հունվարի 19-ին օդ են բարձրացրել սիրիական օդային տարածքում ՄիԳ-23 կործանիչի թռիչքի ժամանակ։ Երբ սիրիական ինքնաթիռը հեռացել է սահմանային գոտուց, թուրքական կործանիչները վայր են իջեցվել։ Միջադեպեր չեն գրանցվել։

” Թուրքական նավաշինական ընկերությունը Քաթարին է փոխանցել 3 MRTP 34 պարեկային կատերներից առաջինը։ Քաթարի նավատորմի համար պարեկային կատերների պատվերը կատարում է թուրքական Yonca-Onuk (Յոնջա Օնուք) նավաշինական ընկերությունը, որը վերջին շրջանում ռազմարդյունաբերական ոլորտում զգալի ակտիվություն է ցուցաբերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *