Ռազմաշաբաթ. Հայաստան. հունվարի 19-25

Հայկական զինուժը կասեցրել է հակառակորդի դիվերսիան: Հիվանդանոցում զինծառայող է մահացել: Հակառակորդը լարվածություն է ստեղծում առաջնագծում և սահմանամերձ գյուղերում:

-Արցախում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր են եղել։ Հայկական զինուժի առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով մարդկային ու նյութական կորուստ՝ հետ են շպրտել: Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը զոհվել է փոխհրաձգության ժամանակ ստացած հրազենային վերքից՝ Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելիս։ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով» և թաղվել Եռաբլուր պանթեոնում:

” Հունվարի 20-ին Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 1995թ. ծնված Էդիկ Լյովայի Շահնազարյանը: Փաստի առնչությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությում ընթանում է հետաքննություն։

” Հունվարի 19-ի դիվերսիոն գործողությունից հետո հակառակորդը դարձյալ լարված է պահում իրավիճակն առաջնագծում։ Սա Ադրբեջանի հերթական փորձն է հունվարի 19-ի սեփական դիվերսիայից թե´ միջազգային հանրության, թե´ սեփական քաղաքացիների ուշադրությունը շեղելու։ Հակառակորդը սրում է իրադրությունը ոչ միայն դիրքերում, այլ նաև կրակում է հայկական գյուղերի վրա։ Ադրբեջանական կրակոցից Այգեպար գյուղում վիրավորվել է 16-ամյա մի աղջիկ։ Նրան վիրահատել են, վիճակը լավ է։

-Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները 2014-ին առաջին անգամ հանդիպել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին։ Հերթական անգամ ընտանեկան բնույթի նամակների փոխանակում է եղել։ Ռազմինֆոյի հետ զրույցում Հակոբի եղբայրը հայտնել է, որ հարազատները նախորդ նամակով շնորհավորել էին Հակոբին հունվարի 28-ին ծննդյան առթիվ, պատասխան նամակում էլ Ինջիղուլյանը շնորհակալություն է հայտնել՝ նշելով, որ շատ է կարոտում իր ընտանիքի անդամներին։

-Հունվարի 23-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում քննարկվել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի առաջարկած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որին Կառավարությունը հավանություն է տվել։ Նախագծում առաջարկվում է օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը սահմանափակել։

-Հունվարի 24-ին պաշտպանության նախարարությունում հրավիրված ասուլիսում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ամփոփել է 2013 թվականը, ինչպես նաև անդրադարձել է հակառակորդի վերջին դիվերսիային, հայկական զինուժի հակաօդային պաշտպանությանը, հեռահար և գերճշգրիտ միջոցների ձեռքբերման գործընթացին։

-Խորհրդային Միությունից Հայաստանի Հանրապետությանը մնացած զրահատեխնիկայի մի մասը, որը հին ու արդեն անպետք է, պաշտպանության նախարարությունը ոչնչացնում է։  Ոչնչացումը մշտական բնույթի է ու կատարվել է նաև նախկինում, սակայն հիմա նախարարությանն օգնում են գործընկերները՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-ի հայաստանյան ներկայացուցչությունը։ Սա հնարավորություն է ստեղծում հնացած տեխնիկան փոխարինել նորով։

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Թուրքիայում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *