Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական ոստիկանության պետին հանձնարարել է ստուգել բանակի բոլոր զինծառայողներին՝ վերջիններիս կողմից թմրանյութերի հնարավոր օգտագործումը պարզելու նպատակով։ Այս մասին ռուսական Ռոսիա-24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի գլխավոր ռազմական ոստիկան, գնդապետ Իգոր Սիդորկեվիչը։
Ինչպես հայտնել է գնդապետ Սիդորկեվիչը, պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն դրել է խնդիր` արմատախիլ անել այդ չարիքը։ Ընդ որում, Շոյգուն հրամայել է ստուգել ոչ միայն զինվորականների ստորին օղակը, այլև բոլոր գեներալներին և հենց իրեն՝ պաշտպանության նախարարին։
ՌԴ զինված ուժերի ռազմական ոստիկանության պետը հաղորդավարի հետևած զարմանքին ի պատասխան վերահաստատել է, որ իսկապես փորձաքննության են ենթարկելու նաև Սերգեյ Շոյգուին, այլապես կստացվի, որ պաշտպանության նախարարի սահմանած առաջադրանքը պատշաճ չի կատարվել։
Հիշեցնենք, որ նման նախադեպ գրանցվել էր նաև ԱՄՆ բանակում՝ ընթացիկ տարվա հունվարի սկզբին։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու սպայի, ովքեր անմիջական պատասխանատվություն էին կրում միջուկային հրթիռների արձակման համար, կասկածում էին թմրանյութերի շրջանառության համար։ Դրան հետևել էր ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելի հրամանը. անցկացնել լայնածավալ ստուգումներ զինված ուժերի միջուկային բոլոր ռազմավարական օբյեկտներում։