Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունվարի 19-25

2 զոհ, 6 վիրավոր՝ հունվարի 19-ի դիվերսիայից հետո, որոնցից միայն մեկը՝ Նախիջևանից զորակոչված կապիտան Ջաֆարովի մահն է ներկայացվում որպես «հայկական գնդակից» կորուստ։ Սահմանամերձ զորամասերից մեկի զինծառայողը փախել էր զորամասից։ Հայտնի են դարձել Սիրիայում սպանված ևս 4 ադրբեջանցի զինյալներ

-Հունվարի 19-ին հայ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական տապալված դիվերսիայից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքեց, որ զոհ կամ վիրավոր ունեն, սակայն հաջորդ օրն արդեն սկսեց հաղորդել կասկածելի պայմաններում հիմնականում առաջնագծում վիրավոր զինծառայողների մասին:

Այսպես, հունվարի 21-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանում՝ առաջնագծի հատվածում, զորամասերից մեկի ռազմական ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ Դրա հետևանքով տուժել է 3 զինծառայող, որոնց անունները չեն հաղորդվում։ 

” Ադրբեջանի՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկում 19-ամյա զինծառայող Ռոյալ Ռամիզ օղլու Հուսեյնովը, ըստ պաշտոնական վարկածի, ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել։ 

-Նախիջևանի Ինքնավար Հանրապետության զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող Աքփեր Աջար օղլու Ալիևը մահացել է նախնական վարկածով սրտի անբավարարությունից։ 

-Ադրբեջանի ՊՆ հաղորդմամբ՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկում զինծառայող է վիրավորվել։ Սա հունվարի 19-ին սահմանին ադրբեջանական դիվերսիայից հետո հայտարարված 5-րդ վիրավորն է, որը որպես ոչ մարտական պայմաններում տուժած է ներկայացվում։ 

-Ադրբեջանի ԶՈւ 703-րդ բրիգադի գումարտակներից մեկի հրամանատարի տեղակալ, կապիտան Ջաֆարովը հունվարի 23-ին Մարտակերտի ուղղության առաջնագծում «հայկական գնդակից» հրազենային վնասվածք է ստացել և մահացել: 

-Արդարադատության նախարարության պետական պահպանության գնդի զինծառայող Վասիֆ Շամիլ օղլու Սուլեյմանովը, համաձայն գնդի հանրային կապերի վարչության առաջադրած վարկածի, խախտել է անվտանգության կանոննները և իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել ինքն իրեն։ 

-Ադրբեջանի սահմանամերձ Ղազախի շրջանում տեղակայված զորամասերից մեկից հունվարի 23-ին դասալքել էր զինծառայող Հուսեյն Մամեդովը: Նրան նույն օրը հայտնաբերել էին: 

-Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տեղեկացնել Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալների մասին։

Հունվարի 10-ին Սիրիայում նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտերում զոհվել է ադրբեջանցի 14-ամյա զինյալ Նաջաֆ Քերիմովը։

-Բացի այդ, տեղեկություններ են հայտնում ոմն 18-ամյա Նիջադի և «Սեյֆուլլահ լեզգիի» վերաբերյալ, որոնց իսկությունը ստուգելը դեռևս բարդ է։

-Մի քանի օր առաջ Սիրիայում կառավարական զորքերի դեմ մարտերում սպանվել է Ադրբեջանից ժամանած, «ալ Նուսրայի ճակատ» իսլամիստական խմբավորման շարքերում կռվող ադրբեջանցի զինյալ «Աբու Սանան» Վյուսալը։

-Հունվարի 17-ին հայտնի է դարձել, որ Սումգայիթի ոստիկանության վարչության տվյալներով՝ քաղաքում ձերբակալվել է Սիրիայից վերադարձած ծայրահեղ իսլամիստ, զինյալ, 1988-ին ծնված ոմն Ռասիմ Բադալովը։ Սա թերևս առաջին դեպքն է, երբ Ադրբեջանը հաղորդում է Սիրիայից վերադարձած իր զինյալի մասին։

-«Վերտալյոտի Ռոսսիի» հոլդինգն ավարտել է Ադրբեջանին նոր բեռնատար Մի-35Մ ուղղաթռիռների տրամադրման գործընթացը։ Վերջին խմբաքանակը պատվիրատուին փոխանցել են հունվարի 21-ին Բաքվի օդանավակայանում։ 

-Ադրբեջանի Միլլի մեջլիսի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ Զաքիր Օրուջը հունվարի 23-ին հաստատել է, որ ՆԱՏՕ-ի հետ համաձայնության են եկել ադրբեջանցի խաղաղապահներին Աֆղանստանից դուրս չբերելու հարցում։ 

Ռազմաշաբաթը նաև`

Հայաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *