Ադրբեջանում իրանցի «լրտեսներ» են ձերբակալվել: Պանետան կփորձի մեղմել աֆղանցիների զայրույթը. օրվա ամփոփում

Տարբեր սոցիոլոգիական ծառայությունների անցկացրած հարցումներով` ամերիկացիները տարբեր դիրքորոշում ունեն Իրանի դեմ ռազմական գործողություն ծավալելու հարցում. մի դեպքում մեծ մասը դեմ է պատերազմին, մյուս դեպքում` կեսից ավելին հավանություն է տալիս խնդրի ռազմական ճանապարհով լուծմանը: ԱՄՆ պաշտպանության նախարարը չնախատեսված այց է կատարել Աֆղանստան: Ռուսաստանը ավելացնում է ՀՕՊ համակարգերի թիվը:

  • ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մտահոգություն է հայտնել, որ ջրծաղիկից մահացած Հայկ Խաչատրյանի գործը փորձում են կոծկել: Նրանց տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հայկ Խաչատրյանի զինակիցները, որոնք կարող են տեղեկություններ հայտնել ծառայության ընթացքում Հայկի առողջական վիճակի վատթարացման պատճառների, հրամանատարի կողմից նրա նկատմամբ դրսեւորած վատ վերաբերմունքի մասին, ենթարկվում են ճնշումների՝ նրանց համոզում, հորդորում եւ ստիպում են տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ»:
  • «Կոմերսանտ»-ի աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանը ևս պատրաստվում է Իրանում հավանական պատերազմին, իսկ որպես պատերազմի ժամկետ շրջանառվում է ապրիլի վերջը: Թերթը գրում է, որ այժմ ռուս դիվանագետները, խոսելով Իրանին ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածի մասին, անորոշ «եթե» -ի փոխարեն նախընտրում են օգտագործել «երբ» բառը: ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը թերթին հայտնել է, որ «ներխուժումը կլինի մինչև տարեվերջ»:
  • Ադրբեջանը շարունակում է ճնշում գործադրել Իրանի քաղաքացիների նկատմամբ և ձերբակալել է 22 անձի, ովքեր կասկածվում են Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հետ համագործակցելու և Իրանի համար լրտեսության մեջ: Իրանի շուրջ իրավիճակի լարումից սկսած Ադրբեջանում մեկ անգամ չէ, որ ձերբակալում են Իրանի քաղաքացիների` նրանց առաջադրելով նմանատիպ մեղադրանքներ:
  • Reuters գործակալության և «Իփսոս» սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման համաձայն` Իրանի հանդեպ ագրեսիվ գործողություններին աջակցում է հարցված ամերիկացիների 56%-ից ավելին, դեմ է արտահայտվել միայն 39%-ը: Ի հակադրություն վերոնշյալի` World Public Opinion կազմակերպության ու Մերիլենդի համալսարանի անցկացրած հարցման արդյունքներով` ամերիկացիների 69 տոկոսը հայտնել է, որ ԱՄՆ-ն դաշնակիցների հետ պետք է շարունակի դիվանագիտական ճնշումը Թեհրանի վրա: Նույնիսկ Հանրապետական կուսակցության կողմնակիցների 58 տոկոսը դեմ է ԱՄՆ մասնակցությանը ռազմական հակամարտությանը:
  • Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիայի Մալաթիա նահանգում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգն ուղղված չէ Իրանի դեմ, այլ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության տարր է և չի հետապնդում այս կամ այն երկրի վրա հարձակման նպատակներ: «Այդ համակարգն ուղղված է հրթիռների և ոչ թե երկրների դեմ»,- եզրափակել է Գյուլը:
  • Իսկ Ռուսաստանը շարունակում է ավելացնել ՀՕՊ համակարգերի թիվը: Ծրագրվում է, որ 2012թ-ին ռուսական զորքերում կընդգրկվեն С-400 երեք դիվիզիոններ:
  • ԱՄՆ Պաշտպանության նախարար Լեոն Պանետան նախապես չհայտարարված երկօրյա այցով ժամանել է Աֆղանստան: Այցի նպատակներից է փորձել նվազեցնել աֆղանցիների զայրույթը, որն առաջացել է ամերիկացի զինծառայողի կողմից 16 խաղաղ բնակչի սպանելուց հետո: Նա Աֆղանստանի ղեկավարությանը վստահեցնելու է, որ ամերիկացի զինծառայողն արժանի պատիժ կստանա:

Razm.info-ն այսօր անդրադարձել էր`

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *