Ռուսաստանը համալրում է ՌԾՈւ կասպյան նավատորմիղը

Ռուսաստանի ռազմածովային ուժերի կասպյան նավատորմիղը առաջիկայում կհամալրվի Վելիկի Ուստյուգ փոքր հրթիռային նավով: Ներկայումս ընթանում է հրթիռային նավի անձնակազմի ընտրության գործընթացը: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Գռադ Սվիյաժսկ փոքր հրթիռային նավ. ՌԴ ՌԾՈւ

Գռադ Սվիյաժսկ փոքր հրթիռային նավ. ՌԴ ՌԾՈւ

Հրթիռային նավի անձնակազմի ընտրությունը կատարելիս նախապատվությունը տրվելու է այն սպաներին և նավաստիներին, ում մասնագիտական գիտելիքներն ու ֆիզիկական պատրաստվածության աստիճանը գնահատվում է լավ կամ գերազանց: Պարտադիր պայման է նաև, որ անձնակազմը համալրող նավաստիներից ոչ ոք նախկինում ստացած չլինի կարգապահական տույժ:

Վելիկի Ուստյուգ (ռուս.՝ Великий Устюг) հրթիռային փոքր նավի անձնակազմը պետք է վերջնական ձևավորված լինի 2014-ի փետրվարի մեկի դրությամբ, ինչից հետո կմեկնարկեն մեկամսյա վերապատրաստման վարժանքները, որոնք անցկացվելու են Վելիկի Ուստյուգի դասին պատկանող 21631 նախագծի Բույան-Մ, Գռադ Սվիյաժսկ և Ուգլիչ (ռուս.՝ Буян-М, Град Свияжск, Углич) նավերի վրա: Գործնական պարապմունքների ընթացքում նորընտիր անձնակազմը պետք է հմտանա 21631 նախագծի նավերի վրա առկա նորագույն սպառազինությանը:

Նշենք, որ այս նախագծին են պատկանում «գետ-ծով» դասի բազմաֆունկցիոնալ նավերը, որոնք համալրված են հրետանային, հրթիռային, զենիթային, հակադիվերսիոն և ռադիոտեխնիկական սպառազինության նորագույն նմուշներով: Սպառազինության գլխավոր բաղկացուցիչն է Կալիբր-ՆԿ (ռուս.՝ Калибр-НК) հեռահար հրթիռային համալիրը: Նավերը նախատեսված են պետության տնտեսական գոտու անվտանգության ապահովման համար:

ՌԴ պաշտպանության նախարարությունից նշել են նաև, որ առաջիկա տարիներին պլանավորվում է ռազմածովային ոժերի (ՌԾՈւ) կասպյան նավատորմիղը համալրել այս դասի ևս հինգ նոր նավերով: Հիմք ընդունելով տարբեր տվյալների միջինացված թվերը՝ կարող ենք նշել, որ ՌԴ ՌԾՈւ կասպյան նավատորմիղն ունի շուրջ 40 ռազմանավ: Ելնելով վերոնշյալից` հրթիռային հավելյալ հինգ նավի համալրումը կասպյան նավատորմիղի կազմը կավելացնի շուրջ 12 տոկոսով, ինչը վկայում է, որ Կասպից ծովի ավազանը Ռուսաստանի կողմից չի դիտվում որպես խաղաղ տարածաշրջան:

Նշենք, որ Կասպից ծովում ռազմածովային ուժերի ներկայություն ունեն նաև Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանն ու Իրանը: Ժամանակ առ ժամանակ լարված բնույթ են ստանում հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև՝ Կասպից ծովի նավթահորերի շահագործման պատճառով: Վեճը հիմնականում վերաբերում է «Քյափազ» նավթահորին, որում նավթի պաշարները գնահատվում են 50-ից 100 միլիոն տոննա:

Նորություն չէ նաև հարաբերությունների լարվածությունը Ադրբեջանի և Իրանի միջև, ինչը պայմանավոված է Ադրբեջանի՝ Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ ունեցած տարածքային հավակնություններով: Երկու երկրների միջև առկա լարված հարաբերություններն ուղեկցվել են դիվանագիտական սկանդալներով, սահմանային անցակետերի ժամանակավոր փակումով և նույնիսկսահմանային փոխհրաձգությամբ: Իրավիճակի վատթարացման պարագայում ադրբեջանա-իրանական հակամարտությունն արտացոլվելու է նաև Կասպից ծովի ավազանում՝ ռազմածովային ուժերի մասնակցությամբ:

Այս ամենի համատեքստում Ռուսաստանն ավելացնում է իր ռազմանավերի քանակը Կասպից ծովում՝ ամենայն հավանականությամբ, ավազանում իշխող դերակատարի դիրքը չկորցնելու նպատակով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *