Ադրբեջանում Արցախյան պատերազմի վետերանները ցույցի են պատրաստվում

Արցախյան պատերազմի հաշմանդամ վետերանները հունվարի 24-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ մտադիր են փետրվարի 8-ին բողոքի ցույց կազմակերպել։

Արցախյան պատերազմում ադրբեջանցիները

Արցախյան պատերազմում ադրբեջանցիները

Նրանցից մեկի՝ Մահրուր Բադալսոյի վկայությամբ՝ իրենք խիստ դժգոհ են վետերաններին հատկացվելիք սոցիալական վճարների չափից, հատկապես որ դրանք հիմնականում հասցեատիրոջը չեն հասնում, քանի որ կոռուպցիոն գործողությունների հետևանքով հայտնվում են տարբեր պաշտոնյաների գրպանում։

Պարզվում է, որ Ադրբեջանի իշխանամետ մամուլի կողմից գովազդվող «Հեյեթ» առևտրի կենտրոնը և Նաբրանիում ամառանոցային համալիրը, որոնք պաշտոնապես նախատեսված են միայն Արցախյան պատերազմի հաշմանդամների համար, ծառայում են պաշտոնյաների հանգստին։ Ներկայումս վետերանները հարկադրված են բնակվել «Հաշմանդամների տան» շենքում, որտեղ կենցաղային անհրաժեշտ նվազագույն պայմանները բացակայում են։

Նշված հանգամանքները դրդել են վետերաններին Ադրբեջանի իշխանությունների և մի շարք գերատեսչությունների դեմ բողոքի ցույց ծրագրել։

Նկատենք, որ դեկտեմբերի 25-ին Արցախյան պատերազմի վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ, 5 երեխաների հայր Զաուր Հասանովի՝ Բաքվի կենտրոնում կատարած ինքնահրկիզման, դեկտեմբերի 28-ին մահվան և դրան հետևած բողոքի ցույցերից հետո երկրում նկատվում է վետերանների հասարակական ակտիվություն, բացի այդ էլ  հետզհետե վերհանվում են նրանց խնդիրները, որոնք տևական ժամանակ լուծում չեն ստանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *