Թուրքական օդուժից հունվարին շուրջ 50 օդաչու է հեռացել

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի մեծ թվով օդաչուներ հերթական անգամ ԶՈւ շարքերից հեռանալու դիմում են ներկայացրել։ Տեղեկությունը հաստատել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը։

F-16. Թուրքիայի ԶՈւ

F-16. Թուրքիայի ԶՈւ

Ըստ թուրք նախարարի՝ 2014 թվականի առաջին շաբաթներին թուրքական օդուժից հեռացել է 47 օդաչու։ Նախարարը չի մանրամասնել, թե ինչն է պատճառ դարձել օդաչուների զանգվածաբար հեռանալուն։

Յըլմազը, ով պատասխանել է խորհրդարանական հարցմանը, հավելել է, որ վերջին երկու տարիներին Թուրքիայի ռազմաօդային ուժերի շարքերն ընդհանուր առմամբ լքել է շուրջ 300 օդաչու։ Այս ամենը խնդիրներ է առաջացրել թուրքական զինուժի համար, ով ներկայում F-16 և F-4 մարտական ինքնաթիռների օդաչուների պակաս է զգում։

Նշենք, որ 2013 թվականին ևս օդաչուները զանգվածաբար դիմել են ԶՈւ շարքից հեռանալու համար, ինչը կապում են թուրքական իշխանությունների՝ զինված ուժերի ղեկավարության դեմ դատական հետապնդումների փաստով։ Թուրքիայի իշխող իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իր իշխանության ավելի քան 10 տարիների ընթացքում անում է թուրք գեներալներին ներքին քաղաքականությունից հեռացնելու քայլեր, ինչը մեծամասամբ հաջողվել է վարչապետ Էրդողանին ու նրա կողմնակիցներին։

Այս ամենին հասնելու համար Թուրքիայում վերջին տարիներին հարյուրավոր զինվորականներ են ձերբակալվել, ովքեր մեղադրվել են պետական հեղաշրջում կազմակերպելու համար։ Բացի այդ, ԱԶԿ-ն որոշակի օրենսդրական փոփոխություններ է արել, որով նույնպես փոքրացրել է զինվորականների դերը երկրի քաղաքականությունում։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *