Թուրքիան ցանկանում է ավիակիր ձեռք բերել

«Հաբերթյուրք» թերթի համաձայն Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, գեներալ Մուրատ Բիլգելը հայտնել է, որ Թուրքիան ավիակիր ձեռք բերելու մտադրություն ունի։ Գեներալը հայտնել է, որ ավիակրի շնորհիվ Թուրքիան կկարողանա էապես մեծացնել իր ծովային ավիացիայի հնարավորությունները։

Թե հատկապես ինչ ավիակրի մասին է խոսքը, չի հստակեցվել։ Այնքան էլ հասկանլի չի, թե արդյո՞ք Թուրքիան պատրաստվում է պատվիրել ավիակրի կառուցումը և ո՞ր երկրում, թե՞ կգնի արդեն պատրաստ ավիակիր։ Նախկինում Թուրքիան հայտարարել էր, թե կարող է ինքնուրույն կառուցել ավիակիր, սակայն նման հայտարարությունները իրականության հետ շատ քիչ կապ ունեն։

Եթե խոսքը լրիվ նոր ավիակրի կառուցման մասին է նման նավեր կառուցելու փորձ ունեցող որևէ երկրում, ապա պայմանագրի կնքումից հետո այն կարող է տևել 4-5 տարի։ Առնվազն այդքան էլ կպահանջվի նավը մարտունակ վիճակի բերելու համար` հաշվի առնելով և նավին և ինքնաթիռներին վարժվելը։

Սակայն հնարավոր է նաև, որ իրականում խոսքը պատրաստի ավիակիր գնելու մասին է։ Թուրքական լրատվամիջոցը գրում է, որ ավիակրի արժեքն է մոտ 1.5 մլրդ դոլար, ջրատարողությունը` 24000 տոննա, երկարությունը` 140մ։ Վերջին թիվը, ամենայն հավանականությամբ, վրիպակ է, քանի որ այդքան կարճ ավիակիրներ գոյություն չունեն։ Հետաքրքիր է, որ մոտ մեկ տարի առաջ Թուրքիա էր բերվել սպառազինությունից հանված բրիտանական «Ինվինսիբլ» ավիակիրը։ Հաղորդվել էր, որ նավը պիտի «Leyal» ընկերության կողմից մետաղաջարդոնի վերածվի։ Տեսականորեն բացառված չի, որ իրականում «Ինվինսիբլը», որի ջրատարողությունը 20600 տոննա է, իսկ երկարությունը` 209.1 մետր, ջարդոնի վերածվելու փոխարեն սարքավորվի և անցնի Թուրքիայի ռազմածովային ուժերին։

Ամեն դեպքում սրանք բոլորը միայն ենթադրություններ են։

Նշենք նաև, որ այս պահին Թուրքիան չունի ավիակրից թռնելու և ավիակրի վրա վայրէջք կատարելու ունակ ինքնաթիռներ և նավը գնելու դեպքում ծագելու է նաև այն ինքնաթիռներով համալրելու հարցը։ Այդ պատճառով էլ Թուրքիայի ռազմաօդային ուժերը մտադիր են առաջիկա 20 տարվա ընթացքում այդպիսի ինքնաթիռներ ձեռք բերել։ Որպես հնարավոր տարբերակներ նշվում են բրիտանական «Հարիեր» և ամերիկյան «F-35B» կործանիչները։ Թուրքիան մտադիր է ձեռք բերել մինչև 100 «F-35» տիպի կործանիչ, բայց ոչ «B» մոդիֆիկացիայի (ուղղահայաց վայրէջքի հնարավորությամբ), սակայն բացառված չի, որ վերջնական պայմանագրում կլինեն նաև «B» մոդիֆիկացիայի ինքնաթիռներ, եթե, իհարկե, «F-35» նախագիծը ավարտին հասցվի։

One response to “Թուրքիան ցանկանում է ավիակիր ձեռք բերել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *