Մեր հակաօդային պաշտպանությունն իր մարտական կարողություններով այսօր բարձր մակարդակի վրա է։ Այսքան փոքր տարածքում այսքան մեծ քանակությամբ ժամանակակից համակարգեր ոչ մի տարածքում չկան, ընդ որում՝ բարձր և ցածր բարձրություններում հակաօդային պաշտպանություն իրականացնելու համար։
Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Այն հարցին, թե արդյոք հայկական կողմը կարողանում է վերահսկել հակառակորդի անօդաչու թռչող սարքերին, Սեյրան Օհանյանը նշեց, որ ԱԹՍ-ները աշխարհի շատ համակարգերի համար գրեթե աննկատ են։
«Մենք փորձում ենք մեր ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների համատեղ գործողություններով ազդեցություն ունենալ ադրբեջանական ԱԹՍ-ների վրա։ Փորձը ցույց է տվել, որ հաջողություններ մենք ունենում ենք։ Այս ուղղությամբ մեր աշխատանքները մշտական են, և այսօր իրադրությունը վերահսկելի է։ Իսկ այդ վերահսկողությունը հայկական կողմն իրականացնում է հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքերի միջոցով, որոնք մեր ռազմաարդյունաբերության զարգացում ապահովող ուղղություններից մեկն են»,- հավաստիացրեց Սեյրան Օհանյանը։
Հիշեցնենք, որ այսօր հայկական զինված ուժերի կազմավորման տարեդարձին ընդառաջ լրագրողների հետ հանդիպել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նա նաև անդրադարրձել է հունվարի 19-ի դիվերսիային։