Մենք ադրբեջանական անկանոն կրակոցներին չենք պատասխանում, պատասխանում ենք միայն դիպուկահարների կրակոցներին։ Միշտ էլ մեր սահմաններում լարվածություն է լինում ինչ-որ իրադարձություններից առաջ կամ շրջանակներում։ Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը եղածը կապված է Ադրբեջանի «Սև հունվար» կոչվածի հետ։
Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, պաշտպանության նախարարությունում հրավիրված ասուլիսում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Նրանք փորձում են այդ օրերին սադրանքների ենթարկել մեզ, բայց սադրանքներին արժանի հակահարված տալուց հետո մտավախություն են ունենում, որ հայկական ուժերը կարող են պատժել և էլ ավելի են սրում լարվածությունը»,- նշեց Օհանյանը։
Չնայած նրան, որ Ադրբեջանի զինված ուժերը նպատակաուղղված կրակում են հայկական գյուղերի վրա,նախարարը հավելեց, թե հայկական ուժերի պատասխանը միշտ էլ համարժեք է լինում։
«Մենք փորձում ենք ազդել նրանց դիրքերի, նրանց զինծառայողների վրա։ Բացի այդ, պետք է խնայել մեր ունեցած սպառազինությունը, փամփուշտները»,- շեշտեց նախարարը։
Վերջին օրերի անհանգստությանն ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը հավաստիացրեց, որ իրադրությունը վերահսկելի է։
«Առաջին անգամ չէ, որ սահմանում իրավիճակը լարվում է։ Քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա, կրակոցներ լինում են։ Առաջնագծում մենք պարտադրող ենք, անհրաժեշտության դեպքում էլ՝ պատժողի դերում»,- վստահեցրեց պաշտպանության նախարարը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց նաև, որ վերջին տարիներին լուրջ աշխատանքներ են տարվում սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունն ապահովելու համար՝ առաջին հերթին ինժեներական կառույցների կատարելագործմամբ և համապատասխան քայլերով։