Հնդկաստանում կործանիչ է վայր ընկել

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը Jaguar կործանիչ է կորցրել։ Վթարը եղել է հունվարի 22-ին Ռաջասթան նահանգի Բիքաներ շրջանում։ Ուսումնական թռիչք կատարող ինքնաթիռի երկու օդաչուները կարողացել են ժամանակին դիմել կատապուլտի օգնությանը և փրկվել։ Հաջողվել է խուսափել տուժածներին նաև ցամաքում։ Ներկայում քննություն է ընթանում՝ պարզելու ինքնաթիռի կործանման պատճառները, փոխանցում է հնդկական The News Indian Express լրատվակայքը։

Jaguar. Հնդկաստանի ՌՕՈւ

Jaguar. Հնդկաստանի ՌՕՈւ

Նշենք, որ SEPECAT Jaguar անգլոֆրանսիական արտադրության կործանիչ է, որն իր առաջին թռիչքը կատարել է 1968 թվականին։ Կործանիչը եղել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի կազմում, սակայն հետագայում դուրս է բերվել սպառազինությունից։ Ներկայում հնդկական օդուժում առկա է շուրջ 150 Jaguar կործանիչ։ Մեկ միավորի արժեքը 8 մլն ամերիկյան դոլար է։ Կործանիչի սպառազինությունում են 2 30 մմ ավտոմատ թնդանոթ, «օդ-օդ», «օդ-մակերևույթ» հրթիռներ, ավիացիոն ռումբեր, որոնք ունակ են կրել միջուկային մարտագլխիկներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *