Ադրբեջանը հաղորդում է առաջնագծում ինքնաթիռներ օդ բարձրացնելու մասին

Հունվարի 19-ից ի վեր հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը լարված է. ադրբեջանական զինուժի դիվերսիան տապալվել է, իսկ ինտենսիվ կրակոցները լռեցվել են պատասխան կրակով։ Ադրբեջանական մամուլն այս անգամ հաղորդում է՝ օդ են բարձրացել օդուժի ինքնաթիռները։

Լուրը հաստատում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ մեկնաբանելով, որ «ինքնաթիռների օդ բարձրացնելը կապված է սահմանին  լարվածության հետ, դրանք թռիչքներ են կատարում առաջնագծի հատվածում»՝ չնշելով, թե նման թռիչքները որքան ժամանակ են շարունակվելու։

Այնուհանդերձ, այս պահի դրությամբ բարդ է ասել՝ որքանով է այս լուրը համապատասխանում իրականությանը, հատկապես որ հունվարի 19-ից սկսած թե´ Ադրբեջանի ՊՆ-ն, թե´ ադրբեջանական մամուլը սահմանին վերաբերող թեմաների շրջանակներում պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում։

ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Ռազմինֆոյին մեկնաբանեց իրավիճակը. «Պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերը մարտական հերթապահություն են իրականացնում և վստահորեն պաշտպանում ողջ Արցախի օդային տարածքը։ Բացի այդ, մենք աչալրջորեն հետևում ենք հակառակորդի օդային տարածքին, լիովին վերահսկում ենք իրավիճակը։ Հակառակորդը կարող է ինքնաթիռներ բարձրացնել միայն սեփական օդային տարածքում»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *