Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Սիրիային

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլիյ Անտոնովը հայտարարել է, որ ՌԴ-ն կկատարի նախկինում կնքած` Սիրիային զենք մատակարարելու մասին պայմանագրերը: «Գաղտնիք չէ, որ մենք Սիրիայի հետ ունենք ռազմատեխնիկական լավ և ամուր համագործակցություն»,- ասել է Անտոնովը:

Նա նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը ռազմական ոլորտում կշարունակի համագործակցել Հյուսիսային Աֆրիկայի` հեղափոխություն իրականացրած երկրների հետ:

Անդրադառնալով այն հարցին, թե Ռուսաստանն արդյոք զորք կուղարկի Սիրիա` Անտոնովը պատասխանել է. «Այդ ամենը հիմարություն է: Մենք ոչ մի հատուկ նշանակության ջոկատ չունենք Սիրիայում»: Սակայն, Անտոնովը նշել է, որ այնտեղ ունեն ռազամատեխնիկական մասնագետներ, ովքեր տեղացիներին ծանոթացնում են ռուսական տեխնիկայի օգտագործման կանոններին:

Հիշեցնենք, որ երեկ մի խումբ ամերիկացի սենատորներ նամակ են ուղարկել ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետային` սպառազինությունների գնման ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու պահանջով: Նրանք իրենց պահանջը հիմնավորել են այն հանգամանքով, որ Ռուսաստանից` Աֆղանստանի համար ձեռք բերված զենքի գումարն ուղղվում է սիրիական բանակի զինմանը:

Ինչպես երևում է Անտոնովի հայտարարությունից` սենատորների նամակը չի կարող խափանել Ռուսաստանի` Սիրիային զենք մատակարարելու ծրագրերը:

Անտոնովի հայտարարությունից քիչ անց հրապարակվեց ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի հայտարարությունը, ըստ որի` ԱՄՆ Պետդեպարտամենտը մերժել է սենատորների խնդրանքը: Դրանով պահանջում էին չեղյալ հայտարարել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող համաձայնագիրը, որով ՌԴ-ն ուղղաթիռներ էր մատակարարում Աֆղանստանին:

Նուլանդը նշել է, որ գործարքից հրաժարումը կվնասի ԱՄՆ-ի շահերին և կխանգարի Աֆղանստանին ինքնուրույն հասնել ազգային անվտանգության պահպաման:

Նշենք, որ Աֆղանստանի հարցում ԱՄն հետաքրքրությունները Ռուսաստանից շատ ավելի մեծ են, քան հիշատակվում են: Պակիստանում ծագած խնդիրներից հետո` հենց Ռուսաստանի տարածքն է դիտարկվում որպես բեռնափոխադրումների այլընտրանք: Նման ցանկությունն արդեն իսկ բացառում է Ռուսաստանի դեմ կոշտ քայլերի կամ նմանատիպ «պատժամիջոցների» կիրառումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *